Պաղեստինի ժողովրդի պետականության իրավունքի ժխտումն անընդունելի է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Պաղեստինի ժողովրդի՝ սեփական պետություն ստեղծելու իրավունքը պետք է ճանաչվի բոլորի կողմից, շաբաթ օրը հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ուգանդայում Չմիավորման շարժման գագաթնաժողովում, հայտնում է AFP-ն։
«Իսրայելցիների և պաղեստինցիների համար երկու պետությունների ստեղծման մասին որոշման ընդունումից հրաժարվելը և պաղեստինցի ժողովրդի պետականության իրավունքի ժխտումն անընդունելի են»,- ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։
Գուտերեշի կարծիքով, նման դիրքորոշումը «անվերջ կերկարաձգի հակամարտությունը, որը լուրջ սպառնալիք է դարձել համաշխարհային խաղաղության և անվտանգության համար, կխորացնի բևեռացումը և համարձակություն կտա ծայրահեղականներին ամենուր»։
«Պաղեստինի ժողովրդի՝ սեփական պետությունը կառուցելու իրավունքը պետք է ճանաչվի բոլորի կողմից»,- եզրափակել է նա։
Գուտերեշը բազմիցս կոչ է արել անհապաղ մարդասիրական հրադադար հաստատել Գազայում:
ԱՄՆ-ը՝ Իսրայելի գլխավոր դաշնակիցը և Գազայի պատերազմի հիմնական աջակիցը, նույնպես վերջերս վերահաստատեց իր աջակցությունը պաղեստինյան պետության ստեղծմանը:
Սակայն օրերս Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն դեմ արտահայտվեց կենսունակ պաղեստինյան պետության ստեղծմանը և արժանացավ իր ամերիկացի դաշնակցի քննադատությանը։