Բաժիններ՝

«Նռան գույնը» պարային ներկայացմամբ Ֆրանսիայում մեկնարկել են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Լիոնի մերձակա Դեսին քաղաքի «Տոբոգան» թատրոնում հունվարի 19-ին կայացել է «Նռան գույնը» պարային ներկայացման առաջնախաղը։ Հայ–ֆրանսիական այս նախագծով Ֆրանսիայում մեկնարկել են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումները:

Առաջնախաղին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Ռոնից ընտրված սենատոր, Ֆրանսիայի սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը, Ռոնից ընտրված պատգամավոր Սառա Տանզիլին, Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի փոխնախագահներ, Դեսինի քաղաքապետ Լորանս Ֆոթրան և Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնը, Լիոնի մետրոպոլիայի փոխնախագահ Հելեն Դյուվիվիե-Դրոմենը, Լիոնի փոխքաղաքապետ Սոնյա Զդորովցովը, Լիոնի նախկին քաղաքապետ, քաղաքային խորհրդի անդամ Ժորժ Կեպենեկյանը, Ֆրանսիայի հայկական խոշոր կազմակերպությունների Լիոնի մասնաճյուղերի ղեկավարները, թատերական միությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, «Տոբոգան» թատրոնի տնօրեն Ռաֆայել Ռիմսկի-Կորսակովը, Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի փոխնախագահ, Դեսինի քաղաքապետ Լորանս Ֆոթրան, «Տոբոգան» թատրոնի նախագահ, Դեսինի քաղաքապետի տեղակալ Դընի Ջորկայեֆը։

Նշվում է, որ «Նռան գույնը» պարային ներկայացումը ֆրանս-հայկական համատեղ ծրագիր է: Բեմադրության հեղինակը Ֆրանսիայում հայտնի պարուսույց Մուրադ Մերզուկին է։ Գաղափարի հեղինակը Ֆրանսիայում գործող «Սաթէ–Աթղը» թատերական միության գեղարվեստական ղեկավար Սաթէ Խաչատրյանն է։ Բեմադրության երաժշտությունը գրել է «Հող Արթուն» խումբը, իսկ բեմական հագուստների ձևավորումն իրականացրել է Էդգար Մանուկյանը։

Նախագծի համակազմակերպիչ պրոդյուսերներն են Բրոն քաղաքի «Պոլ-ան-Սցեն» կազմակերպությունը, «Սաթէ-Աթղը» թատերական միությունը, ինչպես նաև Դեսինի «Տոբոգան» և Մոն-դը-Մարսանի «Գասկոն» թատրոնները, Օվերն-Ռոն-Ալպեր շրջանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտը, ինչպես նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության Ֆրանսիայի մասնաճյուղը։ Ներկայացման իրականացման աշխատանքներում իր կարևոր ներդրումն է ունեցել ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը։

Նախագծի առաջին ստեղծագործական ռեզիդենցիան կայացել է 2023թ. Ամռանը, Երևանում։ Ներկայացման մեջ ներգրավված յոթ պարողներից երկուսը հրավիրված են Հայաստանից։

Ներկայացումն անցել է լեփ-լեցուն դահլիճում՝ հոտնկայս բուռն ծափահարություններով:

ՀՀ ԿԳՄՍ տեղեկացմամբ՝ 2024թ. մարտի 15-ին և 16-ին «Նռան գույնը» պարային ներկայացումը կցուցադրվի Հայաստանում՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում։ Հայաստանյան հյուրախաղերը կիրականացվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի բարձր հովանու ներքո։

Ֆրանսիայում ներկայացման առաջնախաղի օրը բարձրաստիճան հրավիրյալների մասնակցությամբ տեղի է ունեցել նաև Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Սերգեյ Փարաջանովի թանգարանի կողմից կազմակերպված՝ Զավեն Սարգսյանի լուսանկարների ֆոտոցուցահանդեսը, որն իրականացվել է «Տոբոգան» թատրոնի, «Սաթէ-Աթղը» թատերական միության և Դեսինի քաղաքապետարանի աջակցությամբ։ Ֆոտոցուցահանդեսում ներկայացված են Սերգեյ Փարաջանովի դիմանկարները, կոլաժները, «Նռան գույնը» ֆիլմի զգեստների էսքիզները և այլն: Ցուցահանդեսը «Տոբոգան» թատրոնում կգործի մինչև փետրվարի 4-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս