Բաքվից հնչող հայտարարությունները կարող են խաղաղության գործընթացը դիտավորյալ փակուղի մտցնելու տպավորություն թողնել. Փաշինյան
Պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները կարող են տպավորություն թողնել, թե Ադրբեջանը ցանկանում է դիտավորյալ խաղաղության գործընթացը փակուղի մտցնել, սակայն նույնիսկ այս պարագայում Հայաստանն իր ռազմավարությունը չի ցանկանում փոխել:
Այս մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ՝ մանրամասներ ներկայացնելով խաղաղության գործընթացից:
«Պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները կարող են նույնիսկ տպավորություն թողնել, թե Ադրբեջանը ցանկանում է դիտավորյալ, նպատակամղված փակուղի մտցնել խաղաղության գործընթացը՝ ինչ-ինչ հետագա նպատակներով: Բայց նույնիսկ այս մեկնաբանության պարագայում, ես կարծում եմ, որ մենք մեր ռազմավարությունը չպետք է փոխենք: Մեր ռազմավարությունը եղել է և պետք է շարունակի մնալ ՀՀ ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության ամրապնդումը, հաստատումը Ալմաթայի հռչակագրի հիման վրա, քանի որ այդպիսին է ամբողջ միջազգային հանրության ըմբռնումը»,-ասել է վարչապետը:
Ըստ Փաշինյանի` եթե նույնիսկ պարզվի, որ Ադրբեջանն առաջնորդվում է իր նշած վատագույն սցենարով, սա հայկական կողմի ռազմավարությունը չպետք է փոխի: Հայաստանի ռազմավարությունը պետք է հենվի լեգիտիմության վրա: