Ինչո՞ւ են ՀՀ իշխանությունները հապաղում ՀՀ արտաքին քաղաքական վերջնական շրջադարձի հարցում և ինչո՞ւ չեն բարձրացնում ռուսական բազայի դուրսբերման հարցը
Ռուսաստանը շարունակում է դիվանագիտական հայտարարություններ անել հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ՝ պնդելով՝ հայ-ռուսական հարաբերությունների դաշնակցային բնույթը չի փոխվել։
ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը գտնում է, որ Հայաստանի ու Ռուսաստանի ռազմավարական շահերը համընկնում են, երկու երկրների միջև հարաբերությունները շարունակում են դաշնակցային բնույթ կրել:
Դեսպանի խոսքով՝ այսօր երկրները փոխգործակցության բավական լայն գործնական օրակարգ ունեն, որը վերաբերում է պետությունների և մարդկանց կենսագործունեության առանցքային ոլորտներին:
«Հիմնական ուղղություններով մեր ռազմավարական շահերը նույնպես օբյեկտիվորեն համընկնում են, դա ցույց է տվել թե հին, թե ժամանակակից պատմությունը: Այդ պատճառով կարծում եմ` ճիշտ է այն, որ ռուսական կողմից հստակորեն նշվում է` մեր հարաբերությունները, չնայած բոլոր խնդիրներին, որոշակի չհասկացվածությանը, արտաքին խաղացողների փորձերին` մեր հարաբերությունների մեջ ճեղքվածք ստեղծելու, պահպանում և պետք է պահպանեն իրենց դաշնակցային, ռազմավարական բնույթը»,- նշել է դեսպանը:
«ՌԻԱ-Նովոստիին» տված հարցազրույցում Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարց օրակարգում չկա: «Ինձ նման ազդանշաններ հայտնի չեն: Ես կողմնորոշվում եմ` հիմնվելով հայկական կողմի պաշտոնական այն հայտարարությունների վրա, որոնց համաձայն` ռազմաբազայի դուրսբերման հարց չկա: Ռուսական կողմից ևս նման ազդանշաններ չեն ստացվել»,- ասել է նա: Կոպիրկինը նշեց, որ Ռուսաստանը պատրաստ է հնարավոր առավելագույնն անելու՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար։
Նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ 2023 թվականի աշխարհաքաղաքական իրադարձությունների ամփոփիչ ասուլիսի ընթացքում ավելի համարձակ գնահատականներ հնչեցին։ Մասնավորապես, ՌԴ ԱԳ նախարարը նշեց, որ Մոսկվան երբեք չի եղել հայ-ռուսական հարաբերությունների սառեցման նախաձեռնողը։
«Մենք հիշում ենք, թե ինչպես Հայաստանի ներկայիս պաշտոնյաներից շատերը, լինելով ընդդիմության մեջ, տարբեր քաղաքական գործընթացների, ընտրարշավների ժամանակ կոչ էին անում դուրս գալ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, և երբ վարչապետ Փաշինյանը եկավ իշխանության, մենք Երևանից ինչ-որ կերպ հեռանալու ոչ մի ցանկություն չունեինք»,- նշել էր Լավրովը, հիշեցնելով, որ Հայաստանն է հրաժարվել հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ-ի դիտորդների տեղակայումից և հրավիրել Եվրամիության դիտորդներին: Նա նաև ասել էր, որ ՌԴ-ն միշտ բաց է երկխոսության համար։ «Բայց այն, որ Արևմուտքը հրապարակավ հայտարարում է Ռուսաստանին Հարավային Կովկասից հեռացնելու անհրաժեշտության մասին, նույնպես բոլորին է հայտնի։ Դրա վերաբերյալ որևէ առարկություն Երևանից չենք լսել»,- արձանագրել է Լավրովը։
Նա նաև նշեց նախօրեին, որ Բաքուն պատրաստ է Խաղաղության համաձայնագիր ստորագրել ՌԴ-ում՝ Արևմուտքի փոխարեն, բայց Երևանի դիրքորոշումն անհայտ է։
168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ Լավրովը, լինելով ՌԴ գլխավոր դիվանագետը, իրավիճակներին տվեց որոշակի գնահատականներ՝ առանց սրելու երկկողմ հարաբերությունները, թեև լարման համար բավականին շատ պատճառներ կան։
Ըստ նրա, դեսպանը ճիշտ է, հարաբերությունների ձևաչափը չի փոխվել իրավականորեն, սակայն հայ-ռուսական հարաբերություններն աշխարհաքաղաքական հոսանքների լուրջ ազդեցության տակ են, որոնց, ինչպես նկատեցինք, Մոսկվան ըմբռնումով է վերաբերվում, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այս առճակատման պայմաններում ՀՀ-ն հեռացել է ՌԴ-ից, սակայն մի շարք երկրների հետ ՌԴ-ի կապն էլ ավելի է ամրացել, որոնցից նախօրեին Լավրովը խոսեց։
«Ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ իսկապես չեն եղել, թերևս, այն պատճառով, որ հայ-ռուսական հարաբերությունների ապագան ինքնին անորոշ է, պայմանավորված աշխարհաքաղաքական ներկայիս անկայունությամբ։
Բացի այդ, Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորված չեն, սահմանը փակ է, ու հայտնի չէ՝ երբ ՀՀ-ում այս մասով իրենց լիարժեք ապահով կզգան։ Խաղաղության վերաբերյալ վստահ գնահատականները ևս քիչ են։ ՀՀ-ում վստահ չեն, թե ինչպիսի աշխարհ է ձևավորվելու, հայ-ռուսական հարսբերություններն ինչպես են փոխվելու, իսկ ՌԴ-ն այս փուլում չի բացառում, որ հայ-ռուսական հարաբերությունները դիտարկվեն ավելի լայն ռեգիոնալ կոնտեքստում՝ վեցակողմ համագործակցության շրջանակում։ Այդ մասին ևս ուղիղ խոսք եղավ։ Պատահական չէ, որ ռեգիոն իր ծառայությունները մատուցելու նախաձեռնությամբ գալիս է Իրանը։ ՌԴ-ն այս սցենարին դեմ չէ։
ՌԴ-ն ընդունում է, որ Երևանին ինչ-որ հարցեր անհանգստացնում են, բայց Երևանը նաև շատ այլ տարբերակներ չունի, չի կարող լքել ռեգիոնալ հարթությունները, որտեղ որոշիչ խոսք ունեն բոլորը ու հաշվի են առնում ՌԴ-ին՝ որպես ռեգիոնալ մեծ տերություն։ Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում արագորեն փոխվում է Իրանի դերակատարությունը։ Իրանը շատ ազատ տեղեր է զբաղեցնում»,- ասաց Լուկիանովը։
Նրա կարծիքով՝ միայն ցանկությունը քիչ է աշխարհաքաղաքական շրջադարձի համար։
«Հարկավոր է դրան համապատասխան աշխարհաքաղաքական և ռեգիոնալ իրավիճակ։ Եվ ստացվում է, որ Երևանը դեռ չի կարողանում դա լիարժեք անել»,- ասաց ռուս վերլուծաբանը։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա վերջին Նիկոլ Փաշինյանը «Wall street journal»-ին տված հարցազրույցում ասել էր, որ ՌԴ ռազմաբազաները Հայաստանից հանելու հարց չի քննարկվում։
Նա հայտարարել էր, որ որևէ առավելություն չի տեսնում Հայաստանում ռուսական ռազմաբազաների շարունակական ներկայության մեջ, սակայն Հայաստանից դրանք հանելու հարց չի քննարկվում։ «Մենք նման հարց չենք քննարկում, ավելի շատ քննարկում ենք այլ հարցեր, փորձում ենք հասկանալ, թե ինչն է նման իրադրության պատճառը, սա նաև Հայաստանի և Ռուսաստանի, Հայաստանի և ՀԱՊԿ–ի միջև աշխատանքային քննարկումների օրակարգ կլինի»,- նշել էր Փաշինյանը։