Ադրբեջանի իշխանությունն Արցախում է վերացնում մեր պատմությունը, ՀՀ իշխանությունը՝ Երևանում. ճարտարապետ

«Թենիսի մեկ կորտ կառուցելու համար 20.000 դոլար է պետք։ Հիմա 5 կորտ ուզում են տեղափոխել, արդյո՞ք պետությունը 100.000 դոլար տրամադրելու է, որպեսզի կառուցվի, և որտե՞ղ է կառուցվելու»,- այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի թենիսի չեմպիոն (1990-1991 թթ.) Աստղիկ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Օղակաձև զբոսայգուց թենիսի կորտերը տեղափոխելու մասին Երևանի քաղաքապետարանի որոշմանը։

Ըստ նրա, կորտերը տեղափոխելու համար կենտրոնում համապատասխան տարածք չկա, հետևաբար՝ գուցե Սովետաշենում կառուցվի, որը ճիշտ չի լինի։

«Եթե իրենք խնդիր ունեն «Արարատ» բառի հետ կապված, մաքսիմում դա կարող են փոխել, բայց կորտերը թողնեն իրենց տեղում։ Ինչպես հասկանում եմ, Կառավարությունը «Արարատ» բառի հետ կապված խնդիր է տեսնում, թող լինի «Արագած»։ Եթե քանդեն կորտերը՝ պետք է դիմենք դատարան, իրավական ճանապարհով գնանք»,- հավելեց Աստղիկ Հովհաննիսյանը։

Ճարտարապետ, նկարիչ Կարեն Դոլուխանյանի համար քաղաքապետարանի նման որոշումը պարզապես ծիծաղելի է։ Նա շեշտեց՝ իշխանությունը ստեղծում է  նոր լարում, որը բոլորովին պետք չէ։

Կարդացեք նաև

«Մենք տեղեկություն չունենք, թե այս ամենն ում հաշվին են անելու, եթե սա արվելու է բյուջեի հաշվին, ապա սա նշանակում է, որ իմ և ձեր գրպանի հաշվին է։ Բայց սա մեզ համար այս պահին երկրորդ հարցն է, կորտերի տեղափոխումն անիմաստ գործողությունն է, դրանք պետք է մնան կենտրոնում։

Կորտերը եղել են սկզբում և այգին կորտերի շուրջ է կառուցվել։ Թող կառուցեն նոր կորտեր, բայց կենտրոնը զրկել կորտերից՝ մեծ վանդալիզմ է։  Չեմ չափազանցնում, բայց գիտեք, որ Ադրբեջանն Արցախում քանդում է մեր քաղաքակրթության օջախները, պատմությունը, մշակույթը, նույնը փորձում են կատարել Երևանի կենտրոնում, բայց ոչ թե թշնամու, հակառակորդի կողմից, այլ հենց ներսի մեր իշխանությունների մի մասի կողմից։ Փորձում են վերացնել մեր պատմական հիշողությունը»,- նշեց ճարտարապետը։

Ըստ նրա, այս ամենը մեկ մարդ է որոշել՝ Երևանի քաղաքապետը, որն այսօր կա, վաղը չի լինելու պաշտոնին։ Ուստի ինչո՞ւ նա պետք է միանձնյա բոլորի փոխարեն որոշի, թե ինչ է պետք քաղաքացուն։

«Գիտեմ մարդիկ, որոնք պատրաստ են հացադուլի, պետք է բողոքի ցույցեր անել և ամեն կերպ իշխանություններին հասկացնել, որ սա անիմաստ չարիք,  հանցագործություն կլինի մեր քաղաքի նկատմամբ։ Կառավարության անդամները պետք է մերժեն այս ծիծաղելի որոշումը։ Իմ տեղեկություններով, վերևներում զարմացել են նման որոշումից և ՔՊ-ական ավագանու անդամներից զանգել ու ասել են, որ կպայքարեն այս որոշման դեմ»,- շեշտեց նա։

Տեսանյութեր

Լրահոս