Պաշտպանական խումբը միջնորդեց՝ Գագիկ Խաչատրյանին Գերմանիայում վիրահատվելու հնարավորություն տալ. դատական նիստը հետաձգվեց

Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի, նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի գործով հերթական դատական նիստն այսօր էր: Արդեն մի քանի դատական նիստ է՝ ՊԵԿ նախկին նախագահին բերում են Շտապօգնության մեքենայով և անվասայլակով։

Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը նիստի մեկնարկին դատարանին խնդրեց անհապաղ միջնորդություն ներկայացնել՝ Գագիկ Խաչատրյանին՝ վիրահատության նպատակով Գերմանիա մեկնելու թույլտվություն տալու վերաբերյալ:

Հանրային մեղադրող Գևորգ Սարգսյանին, սակայն, վրդովվեցրեց այս առաջարկը. նա առաջարկեց նախ հարցաքննել գործով վերջին վկա Սեդրակ Առուստամյանին՝ նկատելով, որ նա արդեն տասից ավելի դատական նիստի ներկայանում է, սակայն չի հարցաքննվում:

«Հետևաբար, այս պայմաններում ես միջնորդում եմ, որպեսզի պաշտպանի կողմից ներկայացված միջնորդությունը հետաձգվի և քննարկվի դատական նիստի ավարտին»,- նկատեց նա:

Կարդացեք նաև

Երեմ Սարգսյանը պնդեց՝ միջնորդությունն անհապաղ քննության է ենթակա, քանի որ կապ ունի Գագիկ Խաչատրյանի՝ օրըստօրե վատթարացող առողջական վիճակի հետ։

«Ինձ համար արդեն հարց է ծագում՝ մեղադրողն իր առողջության նկատմամբ է՞լ է  այդպես վերաբերվում: Իրո՞ք մենք չենք պատկերացնում՝ առողջության, կյանքի իրավունք, հաշմանդամության կարգավիճակ,  և վկայի հարցաքննությո՞ւն…» ,- նկատեց նա:

Դատարանը որոշեց այս դատական նիստին քննարկել և՛ միջնորդությունը, և՛ սկսել վկայի հարցաքննությունը, սակայն առաջնահերթությունը տվեց պաշտպանական կողմի միջնորդությանը։

Միջնորդությամբ փաստաբանը մանրամասնեց քրեական գործի փուլերը, նշեց բժշկական փորձաքննությունների ու  դրանց եզրակացությունների մասին: Ըստ նրա՝ այժմ Գագիկ Խաչատրյանը խոշտանգման է ենթարկվում և պետք է նրան անհապաղ թույլ տալ գնալ Գերմանիա՝ վիրահատության:

Միջնորդության մեջ փաստաբանը շեշտեց նաև Գագիկ Խաչատրյանի բանկային հաշիվների վրա դրված կալանքը՝ հնարավորություն տալով այդ միջոցների հաշվին մեկնել Գերմանիա և կատարել համապատասխան բժշկական միջամտությունը:

Երեմ Սարգսանը հիշեցրեց նաև Վարդան Ջհանգիրյանի գործով ընդդեմ Հայաստանի ՄԻԵԴ կայացրած որոշումը, որտեղ կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում էին դիտարկվել այն գործընթացները, որոնք տեղի են ունեցել, և այդ գործընթացները համահունչ են Խաչատրյանի գործին։

Միջնորդությունը ներկայացնելուց հետո ՊԵԿ նախկին նախագահի առողջական վիճակը վատաթարացել է: Նիստը հետաձգվեց. Գագիկ Խաչատրյանն ինքն էլ նշեց, որ ի վիճակի չէ մասնակցելու նիստին:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս