Բաժիններ՝

«4,5 հեկտարի մեջ գրեթե 1 հեկտար թենիսի կորտեր լինելն ընդհանուր տրամաբանությանը խանգարում է». Քաղաքապետի խոսնակ

Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանն այսօր քաղաքապետարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Օղակաձև զբոսայգում վերանորոգումից հետո սրճարան, բնականաբար, լինելու է։ Սակայն պետք է հասկանալ այս պահին այգում եղած ընդհանուր պատկերը  և այդ համատեքստում՝ եթե դրանց փոխարեն լինի պայմանական մեկ սրճարան, արդյո՞ք այդ մեկ սրճարանը խնդիր է։

«Հստակ կարող եմ հետևյալն ասել՝ այն ծրագիրը, որը նախնական ներկայացված է մեզ մոտ, և որի շուրջ իրենք դեռ քննարկումներ են իրականացնում, բացառապես երկու սրճարանի մասին է։ Հիմա այնտեղ կան, եթե չեմ սխալվում, 7-8 տնտեսվարողներ, բայց միանշանակ կարող եմ շեշտել, որ այն վերջնարդյունքում, որ կորոշվի, թե ինչ ծրագիր է ներկայացվելու, բնականաբար, դուք այդտեղ չեք տեսնելու այն պատկերը, որը  կա ներկայում»,- նշեց Հայկ Կոստանյանը։

Լրագրողի հարցին՝ եթե նոր ծրագրով թենիսի կորտերը չհանվեն, այն ինչո՞վ կարող է խանգարել ծրագրի իրականացմանը, ինչո՞վ են թենիսի կորտերն ավելի քիչ գերակա և հանրության համար քիչ նշանակալի, քան այն, ինչ պատրաստվում են ստեղծել: Հայկ Կոստանյանը կրկնելով նախորդ միտքը՝ ներկայացրեց ընդհանուր գաղափարը. որպեսզի այն, ինչը հանրությանն է պատկանում, մարդիկ կարողանան լիարժեքորեն իրենց հանգիստն իրականացնել։

«Կասեք՝ վերջին անգամ Օղակաձև զբոսայգում  ե՞րբ եք ձեր հանգիստը վայելել, 4-րդ հատվածում։ Նկատի ունեմ, որ հիմա դուք գնում եք այգի, այգում ի՞նչ եք անում, զբոսնո՞ւմ եք, թե՞ գնում եք, օրինակ, սրճարան, ձեզ ներկայիս վիճակը դո՞ւր է գալիս»,- դիմելով լրագրողներին՝ ասաց Հ. Կոստանյանը, ապա հստակ պատասխան ստանալու համար, երբ լրագրողը կրկնեց հարցը, քաղաքապետի խոսնակը շեշտեց՝ կորտերը հանում են, որպեսզի այգին ծառայի՝ ըստ իր նշանակության։

Կարդացեք նաև

«Չի կարող մի գոտի համարվի հանրային գերակա շահ, պայմանական մի հատվածը տրվի իքս կազմակերպությանը, իսկ այն մի հատվածը, որը համայնքինն է, վարձակալությամբ տրվի մեկ այլ ընկերության, այս պահին՝ թենիսի կորտերին։ Անընդհատ հղում եք կատարում կոռուպցիոն ռիսկերին ու ինչ-որ մութ բաների, ես էլ ասում եմ՝ եթե որոշվել է  ընդհանուր տրամաբանության մեջ այգու նշված հատվածը, և հետագայում ցանկացած ներդրող կամ Երևան համայնքը, երբ պատրաստ կլինի ինքն իրականացնել այդ ծրագրերը՝ միանշանակ սոցիալական բաղադրիչն ավելի շատ է լինելու, իսկ  4,5 հեկտարի մեջ գրեթե 1 հեկտար թենիսի կորտեր լինելն  ընդհանուր տրամաբանությանը խանգարում է»,- շեշտեց նա:

Լրագրողի հաջորդ հարցին՝ նախագիծն իրականացնելուց առաջ արդյո՞ք որևէ ճարտարապետի լսել են, քանի որ կարծիքներ են հնչում, որ աղճատում են թամանյանական ընդհանուր նախագծի դիմագիծը, Հայկ Կոստանյանը պատասխանեց, որ հիշում է այն ահասարսուռ ելույթները, երբ Վարդանյանները որոշել էին վերանորոգել այգին, իսկ հիմա հերթեր են լինում այգի մտնելու համար։

Իսկ թե Երևանի որ հատված են նախատեսել տեղափոխել թենիսի կորտերը, քաղաքապետի խոսնակն ասաց, որ տվյալ պահին հստակ որոշում չկա։

Հայկ Կոստանյանին հարց ուղղվեց նաև  «Սպարտակ» մարզադաշտի ճակատագրի վերաբերյալ, արդյոք ճի՞շտ է, որ մարզադաշտի փոխարեն՝ էլիտար շենք են կառուցելու, խոսնակն ընդգծեց,  որ այդ ծրագրի մասին գոնե տվյալ պահին որևէ տեղեկություն չունի։

Տեսանյութեր

Լրահոս