Բաժիններ՝

«Այստեղ որտե՞ղ է կոռուպցիոն ռիսկեր՝ մարդը վարձակալությամբ է վերցնում». Հայկ Կոստանյանը՝ Օղակաձև զբոսայգու մասին

Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանն այսօր քաղաքապետարանում լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանել է հանրությանը հետաքրքրող՝  թենիսի կորտերը քանդելու և այլ վայր տեղափոխելու և դրան առնչվող այլ հարցերին: Նա նախ ասել է, որ Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածը և առհասարակ զբոսայգին ամբողջությամբ, ինչպես նաև մյուս բոլոր հանրային այգիները քաղաքապետարանի առաջնահերթություններում են այն տեսանկյունից, որ այն, ինչ հանրային տարածք է, պետք է ծառայի՝ որպես հանրային տարածք։

«Այդ տրամաբանության մեջ պարոն Ավինյանի նշած թենիսի կորտերի ենթադրյալ տեղափոխելը, եթե դա հանրային տարածք է, այգի է, ապա իր տրամաբանությամբ պետք է այդպիսին լինի։

Մենք անընդհատ խոսում ենք թենիսի կորտերից, բայց չպետք է մոռանանք, որ կորտերը և մնացած այլ տնտեսվարողները, որոնք Օղակաձև զբոսայգում են այնտեղ բիզնես են իրականացնում։ Բնականաբար, թենիսն իր տարբերությունն ունի, որովհետև սպորտ է, նաև ունի որոշակի պատմություն։ Դրա համար տրամադրվում է այլ տարածք թենիսի կորտերը տեղափոխելու և այդ հատվածում գործունեությունը շարունակելու համար։ Ինչու պայմանական նույն առաջարկը չի արվում նաև այլ տնտեսվարողներին, այդ հարցը ոչ մեկի մոտ չի՞ առաջանում։ Նույն տրամաբանությամբ ինչո՞ւ հարց չի առաջանում, թե, օրինակ, թենիսի կորտերին տարածք տրամադրո՞ւմ են, պայմանական «Տաշիր պիցցայի» համար տարածք չե՞ք տրամադրում»,- նշեց Հայկ Կոստանյանը։

Նրա խոսքով՝ Երևանի քաղաքապետարանն է վերջնական որոշելու, թե ինչպես է այգին վերանորոգվելու, երբ լինի այդ վերջնական որոշումը, ապա շահագրգիռ կողմերի ու անձանց հետ կկազմակերպվի հանրային քննարկում։

Կարդացեք նաև

«Օղակաձև զբոսայգու բոլոր հատվածներում, կապ չունի՝ 4-րդ հատվածն է, 3-րդ, թե՞ այլ, ամբողջը պատկանում է Երևան համայնքին, և բոլորն այնտեղ վարձակալության հիմունքով են իրենց գործունեությունը ծավալում՝ յուրաքանչյուրը տարբեր պայմանագրերով կնքված տարբեր տարիներին։ Տրամաբանությունն այն է, որպեսզի մարդկանց մոտ թյուր կարծիք չստեղծվի, որ ինչ-որ միտում կա թենիսի կորտերի հետ կապված, քանի որ այս ընթացքում ինձ հարցեր են ուղղվել նաև այլ տնտեսվարողների հետ կապված, օրինակ, «Մուլտի Վելլնեսի» ու այլ տնտեսվարողների, ուզում եմ վստահաբար ասել, որ եթե հետագայում կլինի որևէ ներդրող, որը կդիմի ու կասի՝ հիմա էլ ուզում են Օղակաձև զբոսայգու 3-րդ հատվածը վերանորոգել, ապա քաղաքապետարանը որևէ խնդիր չունի այս կամ այն տնտեսվարողի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերելու առումով։

Քաղաքապետարանն առանձնահատուկ չի մտածել՝ Օղակաձև զբոսայգու այդ հատվածի համար մեզ ինչ-որ ծրագիր է պետք։ Ընդհանուր տրամաբանությունը եղել է հետևյալը՝ կան առաջարկներ, եկեք քննարկենք, հասկանանք։ Սա այդ տրամաբանության մեջ է, առաջարկ է եղել, որը մեզ համար այս պահին ընդունելի է, մինչև վերջնական որոշումը»,- նշեց Հայկ Կոստանյանը։

Լրագրողի դիտարկմանը, որ «Գրին ռոք մենեջմենթ» ՍՊԸ-ն հայտարարություն է տարածել, որ Երևանի քաղաքապետարանն է իրենց դիմել՝ Օղակաձև զբոսայգին վերակառուցելու համար, Հայկ Կոստանյանը պատասխանեց՝ սա տիպիկ դառնում է հավի ու ձվի պատմությունը։

«Եթե գլոբալ նայենք այս հարցին, ուզում եմ իմանալ՝ այս ամբողջ պատմության մեջ այդ հարցն ինչ առաջնահերթությունում է։ Եթե առաջին տեղում է, հետևյալն ասեմ՝ հիշում եք այն ծրագիրը, որն իրականացվեց «Էվոկա» բանկի հետ միասին, այսինքն՝ բանկը 300 միլիոնի շրջանակում ներդրում իրականացրեց, որի շնորհիվ պետք է կառուցվի հերթական մարզադպրոցը։ Այդ տրամաբանության մեջ Երևանի քաղաքապետարանը հայտարարել է՝ եթե կան ծրագրեր, եկեք և իրականացրեք»,- շեշտեց Հայկ Կոստանյանը։

Լրագրողի հարցին՝ որ ներդրումը եղել է մայիսին, և նախագիծը, ըստ ընկերության, ներկայացվել է մայիսին, իսկ Երևանի քաղաքապետն այդ մասին խոսել էր ավելի վաղ, երբ ընկերությունը դեռ երկու օրական է եղել, նախագիծը ե՞րբ է ներկայացվել, Հայկ Կոստանյանը պատասխանեց, որ դժվարանում է  հստակ ժամկետներ ասել։

«Հավելյալ ճշտման կարիք կա, կճշտեմ և ձեզ կփոխանցեմ»։

Հաջորդ հարցին, որ այստեղ կոռուպցիոն ռիսկերի հետ կապված ահազանգեր կան, մասնավորապես, այն, որ «Էվոկա» բանկի և «Գրին ռոք մենեջմենթ» ՍՊԸ-ի ղեկավարը նույն կինն է,  նման ռիսկ տեսնո՞ւմ է, թե՞ ոչ։

Պատասխանելով՝ Հայկ Կոստանյանն ասաց, որ Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածի հետ կապված, եթե չի սխալվում, «Գրին ռոք մենեջմենթ» ընկերությունը 8,5 միլիոն դոլարի ներդրում է իրականացնելու։

«Այստեղ որտե՞ղ է կոռուպցիոն ռիսկը, մարդը վարձակալությամբ է վերցնում, սա էլ շեշտեմ։ Երբ որոշումը վերջնական հաստատվի, արդեն հասկանալի կլինի, թե քանի տարով է տրվում վարձակալության»,- եզրափակեց Հայկ Կոստանյանը։

Տեսանյութեր

Լրահոս