Գերմանիայում ընտրել են 2023 թվականի «տարվա հակաբառը»
Գերմանիայում «2023 թվականի հակաբառ» է ընտրվել «ռեմիգրացիան»։ Նման որոշում է կայացրել ամենամյա մրցույթի ժյուրին։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։
«Այս բառը (աջ ծայրահեղական) «Նույնականության շարժման» (“Identitaere Bewegung”) մեջ, աջակողմյան կուսակցություններում և այլ աջակողմյան և աջ ծայրահեղական խմբավորումներում վերածվել է միգրացիոն անցյալով մարդկանց բռնի վտարման պահանջի՝ ընդհուպ մինչև զանգվածային արտաքսումների էվֆեմիզմի», – ժյուրիի խոսքերն է մեջբերել DPA գործակալությունը։
Անցյալ շաբաթ Correctiv հարթակը հաղորդել էր, որ 2023 թվականի նոյեմբերին Պոտսդամից ոչ հեռու տեղի է ունեցել աջակողմյան շրջանակների ներկայացուցիչների գաղտնի հանդիպում «երկու տասնյակ» մարդկանց մասնակցությամբ։ Այնտեղ, իբր, զեկուցումներից մեկի ընթացքում Մարտին Զելներ անունով մի մարկետոլոգ անդրադարձել է Գերմանիայից արտաքսման թեմային։ Նրա պատկերացումներին համապատասխան՝ արտաքսման պետք է ենթարկվեն փախստականի կարգավիճակի հայցորդները, ինչպես նաև «ասիմիլյացիայի չենթարկված քաղաքացիները», որոնք արդեն գերմանական անձնագիր են ստացել։
Ըստ զանգվածային լրատվամիջոցների տվյալների՝ Զելները գործածել է «ռեմիգրացիա» բառը:
«Տարվա հակաբառն» ամեն տարի ընտրվում է՝ սկսած 1991 թվականից։ Բառն ի սկզբանե ընտրում էր Վիսբադենի «Գերմաներենի հանրությունը», սակայն հետո ստեղծվել է առանձին անկախ ժյուրի, որը հայտարարում է բառեր, որոնք հակասում են ժողովրդավարության սկզբունքներին, մարդկային արժանապատվության հարգմանը կամ խտրական վերաբերմունք են արտահայտում առանձին հասարակական խմբերի նկատմամբ: