Պետք է առաջին հերթին հայրենիքն ընկալենք որպես ազգային կենսատարածք, առանց որի անհնար է մեր գոյությունը. Մալխասյան
Եթե հետ նայենք պատմությանն ու փորձենք հասկանալ, թե ինչպե՞ս են վարվել մեր հարևանները, երբ մենք՝ որպես պետություն, գնացել ենք զիջման, կարձանագրենք՝ երբ պատրաստակամություն ենք հայտնել զիջելու, զիջել ենք ոչ միայն այն, ինչ նախատեսել ենք, այլ նաև դրանից ավելին, որովհետև Թուրքիան և Ադրբեջանը կանգ չեն առել երբեք։
168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց պատմական գիտությունների թեկնածու, պատմական ժողովրդագրության մասնագետ Միքայել Մալխասյանը՝ շարունակելով.
«Դրա ապացույցն Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցն էր։ Որքան էլ ասեն, թե Ալիևի խոսքն ուղղված էր ներքին լսարանին՝ նախընտրական շրջանում, փաստ է մեկ բան՝ ներքին լսարանի առաջ խաղալուց առաջ Ալիևը շատ հստակ ուղերձ հղեց և՛ Հայաստանի հասարակությանը, և՛ Հայաստանի իշխանությանը և՛ միջազգային խաղացողներին։ Ալիևը ցույց տվեց, որ ինքը ոչ միայն զիջման պատրաստ չէ, այլ նաև փոխզիջման. նա խոսում է այնպիսի պահանջների մասին, որոնք մեզ համար կենսական են։ Ալիևը շատ ուղիղ խոսում է Երևանի մասին»։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահը շրջում է պատմությունը, հայկական տարածքների անվանումներն անվանում ադրբեջանական տեղանուններով, և սա ոչ թե առավելապաշտություն է, այլ հստակ պետական քաղաքականություն. չէ՞ որ 2020 թվականից առաջ Արցախի մասին ինչ ասում էր, դա ներքին լսարանի համար չէր, դա իրականություն դարձրեց։
«Հետևապես, մենք պետք է հետևություն անենք ու հասկանանք՝ կանգ չեն առնելու։ Ալիևը կարևոր շեշտադրում արեց՝ ասելով, որ Արցախի նվաճումով հնարավորություն են ստացել զավթել Սյունիքը… Ալիևի վերջնակետը Երևանը վերցնելն է»,- ասաց պատմաբանը՝ հիշեցնելով՝ Ալիևի պահանջները բավարարելու դեպքում Հայաստանի տարածքի 1/3-ը կմնա, և արդյունքում՝ Ադրբեջանը կունենա այն տարածքը, որը ադրբեջանական առաջին հանրապետության կառավարությունն էր նախատեսել համապատասխան քարտեզով։
«Ադրբեջանը մեր հայրենիքը սահմանել է՝ որպես կենսատարածք։ Կենսատարածքի համար և՛ պայքարում են, և՛ այնտեղ ապրում։ Դա է պատճառը, որ Ադրբեջանը խնդիր է դնում ոչ միայն փախստականներին Հայաստան ուղարկելու, այլ նաև մեր տարածքները վերահսկելու»,- ասաց Միքայել Մալխասյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում: