«Արդեն սաղ տվեցին, հասան էստեղ ադրբեջանցիները, էլ սրանից վատ ի՞նչ կարող էր լինել». հարցում
Հայաստանցիների մեծ մասը համաձայն չէ ՀՀ իշխանությունների վարած՝ զիջումներով «խաղաղության» հասնելու քաղաքականության հետ: Նրանք համոզված են, որ թշնամու հետ խաղաղության լեզվով խոսել չի կարելի: Իսկ խաղաղության, ըստ նրանց, հնարավոր է հասնել միայն զենքով և ուժով:
«Իսկ այս քաղաքականության վտանգավոր հետևանքներն արդեն իսկ տեսանելի են: Այն, որ ՀՀ սուվերեն տարածք են մտել ու դուրս չեն գալիս: Նրանք նույն հաջողությամբ կարող են նույն Վարդենիսի տարածքից մտնել մեր տարածք, նույն սահմանախախտումները կարող են լինել նաև Տավուշի մարզից ու մյուս հատվածներից»,- ասաց քաղաքացիներից մեկը՝ համոզմունք հայտնելով, որ «խաղաղության պայմանագրի» ստորագրման պարագայում էլ, ինչպես եղավ նոյեմբերի 9-ի համաձայնագրի ստորագրումից հետո, Ադրբեջանը չի պահելու ձեռք բերված պայմանավորվածությունները, քանի որ Հայաստանի տարածքի հետ կապված իրենք այլ ծրագրեր ունեն:
«Ըստ ինձ, իրենց վերջնական նպատակը պանթուրքիզմի գաղափարախոսությունն է՝ «Հայաստանն առանց հայերի»»,- ցավով արձանագրեց 168.am-ի իրականացրած հարցման մասնակիցներից մեկը:
Մեկ այլ զրուցակից էլ համոզմունք հայտնեց, որ խաղաղության պայմանագիրը ոչ միայն չի բարելավի, այլև կվատթարացնի իրավիճակը:
«Արդեն սաղ տվեցին, հասան էստեղ ադրբեջանցիները: Էլ սրանից վատ ի՞նչ կարող էր լինել: Խաղաղության մասին կարող ենք խոսել միայն Արցախը հետ բերելուց հետո»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նազելի Ստեփանյան