Ալիևը Փաշինյանին կփրկի՝ ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու պայմանով. Սուրենյանց

Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են իրենց քաղաքական օրակարգում պահել Հայաստանի սուվերեն տարածքով՝ Սյունիքով միջանցք և ոչ թե ճանապարհ ստանալու հարցը՝ ի հեճուկս պաշտոնական Երևանի կողմից՝ միջանցքային տրամաբանությունը մերժող հայտարարությունների։

Հերթական անգամ Սյունիքով միջանցք ստանալու մասին է խոսել Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը՝ շեշտելով, որ Հայաստանից պահանջում են ճանապարհ՝ անխոչընդոտ, առանց սահմանային և մաքսային վերահսկողության, Ադրբեջանը Նախիջևանին կապելու նպատակով։

«Մենք ակնկալում ենք սահմանային ու մաքսային վերահսկողության չեղարկում միայն Ադրբեջանից Նախիջևան տեղափոխվող բեռների համար»,- ասել է Ալիևի օգնականը՝ առաջարկելով դիտարկել Կալինինգրադի տարբերակը։

Թուրքիայից ևս այս շաբաթ խոսեցին «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման մասին։

Կարդացեք նաև

Այդ երկրի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարեց, որ այդ նախագծի աշխատանքը սկսված է և կավարտվի 2028 թվականին։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն Արցախն Ադրբեջանին հանձնած Հայաստանի իշխանությանը հարց ուղղեց՝ եթե այս ամենի առաջ էիք Հայաստանը կանգնեցնելու, այդ դեպքում ինչո՞ւ զոհաբերեցիք Արցախը։

«Ինչո՞ւ գնացիք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության չեղարկմանը, ռուսական ազդեցության թուլացման համար ուրացաք Արցախը, որ հիմա Սյունիքի հարցը քննարկե՞ք։ Ադրբեջանը մեզ առաջարկում է Կալինինգրադի մոդելը, իսկ դա նշանակում է, որ ինչպես Կալինինգրադում ապրողն է առանց մաքսային և սահմանային վերահսկողության գնում Ռուսաստան և՝ հակառակը, այնպես էլ Ադրբեջանն է ուզում առանց մաքսային հսկողության երթևեկել Հայաստանով դեպի Նախիջևան։ Լավ, եթե, ի վերջո, հանգելու էիք այս լուծմանը, ինչո՞ւ զոհաբերեցիք Արցախը, չէ՞ որ Արցախը զոհաբերելուց ասում էիք՝ դա արեցիք, որ փրկեք Սյունիքը»,- ասաց Սուրենյանցը։

Նրա խոսքով՝ հաշվի առնելով աշխարհի տարբեր կենտրոններում 2024 թվականին կայանալիք ընտրությունները, պարզ է դառնում, որ այդ կենտրոնների ուշադրությունը Հարավային Կովկասից շեղվելուն զուգընթաց՝ Ալիևը կանցնի հաշվարկված քայլերի Հայաստանի սուվերեն տարածքների նկատմամբ, իսկ դրան ի պատասխան՝ Հայաստանի այս իշխանությունը չի ձեռնարկի որևէ դիմադրող քայլ, ավելին՝ Փաշինյանը կգնա Ալիևի պահանջների բավարարմանը։

«Ադրբեջանին հարմար ռեժիմով՝ անխոչընդոտ, Փաշինյանը ճանապարհ կտա Ալիևին։ Նա Ալիևի ցուցումով կփոխի նաև Հայաստանի Սահմանադրությունը, և պատահական չէ, որ մեր պետության ամենակարևոր ինստիտուտների դեմ ոտնձգություն կատարեց ՝ արգելելով եթեր հեռարձակել Վեհափառի ուղերձը։

3-րդ Հանրապետության Անկախության հռչակագիրը պետք է փոխի և ՀՀ սահմանադրության նախաբանը՝ հրաժարվելով 1988 թվականի քաղաքակրթական հենքից։ Ալիևը երբ ասում է, որ ռևանշ չպետք է լինի, դա նշանակում է, որ այնպիսի փոփոխությունների պետք է ենթարկվի Հայաստանի Հանրապետությունը, որ նոր եկած իշխանությունը դրանով կաշկանդված լինի։ Եթե Փաշինյանը չեղարկում է Անկախության հռչակագիրը, դա նշանակում է՝ լեգիտիմությունից դուրս է դնում 3-րդ Հանրապետության պատմական շրջանը, ինչից հետո Ալիևը կասկածի տակ է դնելու այդ հանրապետության 29 800 քառակուսի կիլոմետր տարածքը։ Չկա հանրապետություն, չկա դրա տարածքը, ուստի, հենց Անկախության հռչակագիրը չեղարկվեց, Հայաստանը չի ունենա սահմաններ, հետևաբար՝ Փաշինյանը Հայաստանի պետականության գերեզմանափորի ֆունկցիան է կատարում։ Փաշինյանն այդ հարցում ունի միայն մի մարդու երաշխիքը՝ դա Ալիևն է, որը Փաշինյանին կփրկի՝ ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու ճանապարհով»»,- ասաց Սուրեն Սուրենյանցը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս