Ոստիկանների աշխատավարձ-պարգևավճարը կրկին բարձրացվել է
Ոստիկանների ֆինանսական վիճակի բարելավումը շարունակում է մնալ Փաշինյանի ուշադրության կենտրոնում։
Չբավարարվելով Ներքին գործերի նախարարությանը տրված հսկայական միջոցներով, որոնք նախորդ տարվա ընթացքում պարբերաբար ավելանում էին, Կառավարությունը որոշել է ևս մեկ անգամ բարձրացնել ոստիկանների աշխատավարձը՝ նրանց տրվող հավելավճարների հաշվին։
Եվ այսպես, ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի արտաքին ծառայություն իրականացնող զինծառայողների համար Կառավարությունը սահմանել է 20.000-ական դրամ ամսական հավելում, ինչի արդյունքում զինծառայողների ամսական վարձատրության չափը կավելանա 20.000-ական դրամով:
Հավելենք, որ Կառավարության նիստերն ասֆալտ փռելուն և ծորակների որակին նվիրած Փաշինյանը Ներքին գործերի նախարարության այս որոշման մասին նախընտրել է լռել. հարցը Կառավարության նիստի օրակարգում էր ներառվել՝ որպես չզեկուցվող։
Հիշեցնենք, որ պարգևատրված ոստիկանության մասին 168.am-ը գրել էր անցյալ տարեվերջին, երբ հայտնի դարձավ, որ Ջրային պարեկներին տեխնիկայով զինելու, նրանց համար մոտորանավակներ և այլ սարքավորումներ գնելու համար նախատեսված 568 միլիոն դրամ գումարը Ներքին գործերի նախարարությունում բաժանել էին՝ որպես պարգևավճար։