2023թ. Հայոց բանակը մնաց փաշինյանական հարձակման թիրախում, Արցախի ՊԲ-ն էլ գոյություն չունի. Գեղամ Մանուկյան

Նոր տարվա նախօրեին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին խնդրել էինք ամփոփել անցնող անվտանգային տարին, ըստ այդմ՝ ձևակերպել ամանորյա մաղթանքը՝ գիտակցելով, որ նրա համար հատկապես դժվար է լինելու անել դա, քանի որ եղբայրը՝ գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը, ով մինչև վերջ մնաց Արցախում, 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ադրբեջանական «հակաահաբեկչական» գործողություններից և Արցախի հայաթափումից հետո գերի վերցվեց և այսօր գտնվում է Բաքվի բանտում:

Ինչևէ, Գեղամ Մանուկյանը չմերժեց մեր խնդրանքը և առանձնացրեց անվտանգային և բանակին առնչվող հետևյալ փաստերը.

«Ցավով պետք է արձանագրենք, որ 2023 թվականը մնալու է մեծագույն ողբերգության փաստով։

– Ավելի քան երեսուն տարի մեր անվտանգության երաշխավորը, մեր ժողովրդի հպարտությունը՝ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը, գոյություն չունի։ Սեպտեմբերի 19-ին կենացմահու պայքար մղելով՝ Պաշտպանության բանակի մարտիկներից շատերը տվեցին իրենց պատվո մարտը։ Ու այս շրջագծում կատարվեց ամենաամոթալին՝ ՊԲ հերոսական ճակատամարտը տեղի ունեցավ առանց ՀՀ զինված ուժերի գործակցության և աջակցության, դավաճանված ու մենակ մնացած։

Կարդացեք նաև

2023 թվականը մնալու է նաև պատմության մեջ Ազատ գյուղի ողբերգական հրդեհի հիշողությամբ և մեր զինծառայողների կորստյան ցավով։ Այն բացահայտեց շատ հաճախ իշխանական կեղծ քարոզչության, անվտանգային համակարգում իբր աննախադեպ աշխատանքների բացակայության ողջ ծավալը։

– 2020 թվականի պատերազմից, իշխանական դավաճանական, չհաշվարկված նահանջային գործողություններից հետո նոր ձևավորված առաջնագծում հսկայածավալ աշխատանքներ կատարելու փոխարեն՝ ռազմաքաղաքական ղեկավարությունն ավելի շատ հասարակությանը մոլորեցնելու, կեղծ պատկեր ստեղծելու գործին էր լծված։ 2023 թվականը Զինված ուժերի համար շարունակեց մնալ ողջ առաջնագծում դժվարին պայմաններում մարտական ծառայությունն իրականացնելով, երբ առաջնագծում, հատկապես նոր ձևավորված հատվածներում, թշնամու ուղիղ նշանակետի տակ անհնար էր լիարժեք ամրաշինական, ինժեներական աշխատանքներ կատարել։ Իհարկե, կարելի է նշել, որ պաշտպանական երկրորդ գծում 2023-ին իրականացվել են գնահատելի ամրաշինական աշխատանքներ, սակայն հանցավոր անփութության, կրավորականության պատճառով կորսված են մեծ հնարավորություններ, որոնք շարունակելու են անհավասար պայմաններ ստեղծել թշնամու հետ։

2023-ին Հայոց բանակը մնաց փաշինյանական հարձակման թիրախում, երբ պարբերաբար հրապարակային զինվորականությունն անարժան քննադատվեց 5-րդ շարասյուն լինելու մեջ։

2023 թվականին շարունակեցին ամիսներով թափուր մնալ ՀՀ ԶՈՒ և սահմանապահ զորքերի բարձրագույն շատ պաշտոններ, ավելացան նորերը, որոնք էական վնաս են հասցնում մեր պաշտպանական, անվտանգային համակարգին։ Շարունակվում է կադրային սխալ, անձնավորված, քաղաքական նպատակահարմարություններով պայմանավորված քաղաքականությունը։

2023-ին հանրային ուշադրության կենտրոնում մնաց ԶՈՒ սպառազինման հարցը։ Չբացելով փակագծերը՝ պետք է ցավով արձանագրել, որ աղմուկն ավելի շատ է, քան կատարվածը, որն ունի առարկայական և ենթակայական բազում պատճառներ, սակայն դա այլևս հրապարակային քննարկման նյութ է։

Իշխանական թեզերն արդարացնելու համար շարունակվեցին աղմկահարույց ձերբակալությունները, շոուների կազմակերպումը, երբ նախկինում նման իբր բացահայտումներից շատերը հետո արդեն հերքվել են, որոնց մասին հանրությանը չի տեղեկացվել»:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, ՀՀ Զինված ուժերը, հակառակ իշխանական խոստմանը, պաշտոնական հայտարարություններին՝ 2024 թվական են մուտք գործում առանց նոր հանդերձանքի, որի կազմակերպումը, անկախ պատճառներից ու արդարացումներից, տապալվել է։

Նշենք, որ նոյեմբերի 15-ին ԱԺ-ում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի այս առնչությամբ հարցադրմանն ի պատասխան՝ ասել էր, որ զինվորականի հագուստը պետք է որակապես լավը լինի և համապատասխանի միջազգային չափանիշներին՝ ապահովելով նաև համապատասխան բովանդակություն, և, որ մրցույթը չի կայացել, որովհետև ընկերությունները 2-րդ փուլում միայն մեկ ուղղության համար են հայտ ներկայացրել, իսկ զինվորականի հագուստը միայն դաշտային չէ:

Ինչ վերաբերում է 2024 թվականի հետ կապված ակնկալիքներին՝ Դաշնակցական գործիչն ասաց.

«Ի՞նչ ակնկալել հաջորդ տարի, երբ շարունակում է երկրում իշխել մի վարչախումբ, որը 2018-ից սկսած հայ զինվորին չի հռչակում մեր ժամանակների հերոս, երբ հետևողական թիրախավորում է զինծառայողներին, զինվորականներին։ Մարտահրավերները շատ են, վերը նշվածներն այս բուրգի միայն երևացող մասն են, որոնք կարիք ունեն լուծումների։ Իբրև ամփոփում՝ մաղթենք, որ 2024-ին մեր Զինված ուժերը դառնան հանրային գուրգուրանքի առարկա, զինվորականը՝ մեր ժամանակների հերոսը, հպարտությունը»:

Մաթենք, որ ի դեմս հայկական բանակի գեներալ Դավիթ Մանուկյանի՝ Բաքվի բանտերում պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարները շուտափույթ վերադառնան Հայաստան: Սա մեր պետության և յուրաքանչյուրիս պատվի հարցն է:

Տեսանյութեր

Լրահոս