Բաժիններ՝

Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարած ազգությամբ ուկրաինացի Յուլյա Ֆինեսն ու նրա հանցակիցը կալանավորված են. վերջինիս ձերբակալել են «Զվարթնոց» օդանավակայանում

Շուրջ մեկ ամիս առաջ ռուսախոս երկու օտարերկրացիներ Երևանի կենտրոնում խուլիգանական արարքներ էին կատարել: Նրանք վնասել են Երևանի Թումանյան փողոցում գտնվող արագ սննդի կետի գույքը, մրգերը նետել աշխատակցի վրա, Մաշտոցի պողոտայում գործող ծաղկի վաճառքի կետի ծաղիկները գետնին են նետել և տրորել՝ այդ գործողությունները զուգորդելով հայհոյախառն արտահայտություններով:

Այս արգահատելի ու բացարձակ դատապարտելի գործողություններից հետո կոնկրետ շրջանակներ հատկապես շեշտը դրեցին նրա վրա, որ ռուսները Երևանում իրենց սանձարձակ են պահել, նվաստացրել են հայերին՝ դրանից բխող բոլոր պատճառահետևանքային կապերով: Անգամ օրինակ էր բերվում, թե ինչ կլիներ, օրինակ, նրանց հետ, եթե հայերը նույն բանն անեին Չեչնիայում կամ Մոսկվայում: Կարճ ասած՝ խուլիգանության փաստին հավասար շեշտվում էր նրանց՝ ՌԴ-ից այստեղ գալու հանգամանքը:

Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել էր, որ Երևանում խուլիգանություն կատարած թրեշ-բլոգերները ձերբակալվել են:

168.am-ը փորձել էր հստակեցնել՝ ազգությամբ ովքեր են ձերբակալվածները, սակայն ոստիկանությունից բավարարվել էին միայն «օտարերկրացիներ են» ձևակերպմամբ:

Կարդացեք նաև

Ավելի ուշ համացանցում իդենտիֆիկացրեցին այս տեսանյութերի հեղինակին՝ տեղեկացնելով, որ նա ՌԴ-ից արտաքսված թրեշ-բլոգեր Յուլյա Մակսիմովսկայան (Ֆինես) է: Ըստ տարբեր հրապարակումների՝ ՀՀ քաղաքացիները փորձել էին նույնիսկ իբրև պատիժ՝ ճաղատացնել նրան: Հետագայում, ըստ ՆԳՆ հաղորդած տվյալների, չորս դիմակավորված երիտասարդ այցելել էր Ֆինեսի բնակության հասցե, կտրել մազերը, սափրել, դեմքին ներկ լցրել ու պահանջել ներողություն խնդրել հայ հասարակությունից։

Տեղեկությունը հաստատվեց. Յուլյա Ֆինեսին «պատժած» երիտասարդներից մեկը խոստովանել էր դա: Համացանցում հայտնվել էր տեսանյութ, որտեղ մի երիտասարդ խոստովանում է, որ ինքն է «պատժել» Երևանում լկտի պահվածք դրսևորած ռուսներին։

«Ես Ռուսաստանից մի տարի առաջ եմ եկել, անունս Գևորգ է։ Ես բացատրեմ… էտ Յուլիա Ֆինեսը ու էդ տրանսգենդերը, որ կար… այդ օրը ես եմ եղել, չեմ ասի՝ ով է, ինչ է եղել, որ չմտածեք՝ մենք խուլիգաններ ենք, безнравственный մարդիկ ենք:

3-4 շաբաթ առաջ ես և իմ ընկերը գնացել ենք ոստիկանություն, հաղորդում ներկայացրել նույն անձանց վերաբերյալ՝ փաստարկներով, որ իրենց լավ չեն պահում, թմրանյութ են գովազդում, հայհոյում են և այլն։ Լրիվ տվել ենք, մեզ ոչ մի բան չասեցին, 4 ժամ նստեցինք, հետո ասեցին՝ կզանգենք, 3 շաբաթ անցավ, բան չարին։ Մենք այլևս չենք հանդուրժել, գնացել ենք դրանց տուն, առանց դիմադրության ներս մտել։ Իրեն ոչ մեկ չի ծեծել, մի անգամ չափալախ ենք տվել ու ճիշտ ենք արել։ Ամեն մի նորմալ մարդ այդպես կաներ, որովհետև մեր ոստիկանությունը չի աշխատում»,- գրել էր նա:

Գործով անցնող 3 տղաներից ոչ ոք կալանավորված չէ: Նրանց նկատմամբ կիրառվել է տնային կալանք և բացակայելու արգելք խափանման միջոցները: Տղաներից մեկը, ի դեպ, 20 տարեկան է: Նրան մեղադրում են այն բանում, որ նախկինում մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով Յուլյա Մաքսիմովսկայայի հետ, ինքն է կազմակերպել նրան «պատժելը»: Նրան նույնիսկ երկու անգամ ձերբակալել են, բայց երկու անգամ էլ դատարանը չի կալանավորել նրան:

Ի դեպ, մեղադրյալ Յուլյա Մաքսիմովսկայան, նույնը ինքը՝ Յուլյա Ֆինեսը, ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթով իրականացվող նախաքննության շրջանակներում փորձել էր փախչել զուգարանից, ընկել ու վնասվածքներ էր ստացել:

168.am-ի տեղեկություններով՝ 2004թ. ծնված այս կինն առհասարակ անհավասարակշիռ պահվածք ունի: Մեկ անգամ նույնիսկ փորձել է նետվել շենքի բարձր հարկից, թմրանյութային կախվածության դեմ հարկադիր բուժում է ստացել, տառապում է շիզոֆրենիայով: Համացանցում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է այրում «Աստվածաշունչը»: Ազգությամբ ուկրաինացի է, ՌԴ քաղաքացի, հրաժարվում է վերադառնալ Ռուսաստան:  

Յուլյա Մաքսիմովսկայան ներկայումս կալանավորված է: Կալանավորված է նաև նրա հետ խուլիգանություն կատարած ընկերը: Վերջինս ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանում, հավանաբար փախուստի պահին, և նույնպես կալանավորված է:

Տեսանյութեր

Լրահոս