Ադրբեջանում ձերբակալել են լրագրող Շամո Էմինովին
Ադրբեջանում դատարանը երեք ամսով կալանավորել է լրագրող Շամո Էմինովին, ով համագործակցել է Kanal 13 անկախ մեդիա -ինտերնետ հեռուստատեսության հետ, հաղորդում է «Ազատություն/Ազադլիգ» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը: Նա դարձել է այս տարվա նոյեմբեր-դեկտեմբերին Ադրբեջանում ձերբակալված լրատվամիջոցների ութերորդ աշխատակիցը։
Էմինովի ձերբակալության մասին ռադիոկայանին պատմել է նրա կինը՝ Դուրդանան ։ Նրա խոսքով՝ լրագրողը դեկտեմբերի 22-ին տնից դուրս է եկել հարցազրույց վերցնելու համար և հետ չի վերադարձել: Նույն օրը երեկոյան կնոջը զանգահարել են ոստիկանությունից և հայտնել, որ Էմինովը բաժնում է, ինչպես նաև խնդրել են բերել ամուսնու դիպլոմը:
«Երբ տուն վերադարձա դիպլոմտ վերցնելու համար, տեսա, որ բնակարանում խառնաշփոթ է, ամուսնուս նոութբուքը չկա։ Պարզվում է՝ խուզարկություն է կատարվել»,- ասել է Դուրդանա Էմինովան։
Ձերբակալությունից հինգ օր անց Շամո Էմինովը զանգահարել է կնոջն ու հայտնել, որ իրեն ձերբակալել են մաքսանենգության գործով։
Էմինովը դարձել է ադրբեջանական ուժայինների կողմից հետապնդվող «Kanal 13»-ի չորրորդ աշխատակիցը։ Հեռուստաալիքի ղեկավարներից մեկը՝ Ազիզ Օրուջևը, ձերբակալվել է նոյեմբերի 28-ին՝ ապօրինի շինարարության մեղադրանքով ։ Դեկտեմբերի 19-ին նրան մեղադրում էին մաքսանենգության մեջ։
Դեկտեմբերի 2-ին ուժայինները ձերբակալել էին «Kanal 13»-ի հաղորդավար Ռուֆաթ Մուրադլիին։ Նրան 30 օր վարչական կալանք են նշանակել մանր խուլիգանության եւ ոստիկանությանը չենթարկվելու մեղադրանքով։
«Kanal 13»-ի մեկ այլ ղեկավար ՝ Թեյմուր Քերիմովը, ձերբակալվել է դեկտեմբերի 12-ին։ Նրան մեղադրել են «սպառնալիքների միջոցով շորթում կատարելու մեջ» և նույնպես ուղարկել են մեկուսարան։
2023 թվականի նոյեմբերի 20-21-ը, 24 ժամվա ընթացքում, մեկը մյուսի հետևից կալանավորվել են «Abzas Media»-ի՝ Հակակոռուպցիոն հետաքննություններում մասնագիտացած անկախ նախագծի բոլոր ղեկավարները ՝ պարբերականի տնօրեն Ուլվի Հասանլին, նրա տեղակալ Մագոմեդ Կեկալովը և գլխավոր խմբագիր Սևիջ Վագիֆղըզին։
«Abzas Media-ի գրասենյակում խուզարկություն է կատարվել, որի արդյունքում, ըստ ոստիկանության, հայտնաբերվել է 40 հազար եվրո: Դրա հիման վրա երեքի դեմ քրեական գործ է հարուցվել մաքսանենգության մեղադրանքով, որը «կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ», եւ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ երեքից չորս ամիս ժամկետով:
Նշվում է նաև, որ դեկտեմբերի 1- ին ձերբակալված աշխատակիցների ցուցակը համալրել է «Abzas Media»-ի թղթակից Նարգիզ Աբսալամովան, իսկ դեկտեմբերի 13-ին ՝ պարբերականի հետ համագործակցող հետաքննող լրագրող Հաֆիզ Բաբալան։ Նրանց նույնպես մեղադրել են մաքսանենգության մեջ և թողել կալանքի տակ։
Ի պաշտպանություն ձերբակալված լրագրողների հանդես են եկել բազմաթիվ միջազգային կազմակերպություններ ։ Այսպես, «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունը կոչ է արել Եվրոպայի Խորհրդին «հիշեցնել ռեժիմին իր պարտավորությունների մասին և պահանջել ազատ արձակել բոլոր լրագրողներին»: RSF-ի կարծիքով՝ տեղի ունեցողը «Ադրբեջանում մնացած մի քանի անկախ լրատվամիջոցների լրագրողների որս է»։
Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը նույնպես այս ձերբակալություններն անվանել է անկախ լրատվամիջոցների դեմ բռնաճնշումներ: «Ներկայումս մենք ականատես ենք լինում անկախ ԶԼՄ-ների նկատմամբ բռնաճնշումների ակնհայտ նոր էսկալացիայի», – ասել է Amnesty International-ի Հարավային Կովկասի հարցերով հետազոտող Նատալյա Նոզաձեն: