Ինչու հայերի ելքը Լեռնային Ղարաբաղից կարող է վերջ չդնել Ադրբեջանի հավակնություններին. CNN
«Բռնի ուժը ներխուժեց այնտեղ, որտեղ դիվանագիտությունը ձախողվեց: Մինչ հակամարտությունը սառեցված էր, Ադրբեջանը փոխակերպվեց։ Այժմ նավթով հարուստ, Թուրքիայի աջակցությամբ և մինչև ատամները զինված՝ նա 2020 թվականին 44-օրյա պատերազմում հետ վերադարձրեց Լեռնային Ղարաբաղի մեկ երրորդը, որը կասեցվեց միայն Ռուսաստանի միջնորդությամբ կնքված զինադադարով»,- այս մասին իր հոդվածում գրել է CNN-ի մեկնաբան Քրիստիան Էդվարդսը՝ անդրադառնալով Արցախյան հակամարտության պատմությանը, պատերազմի հետևանքներին և ներկային։
Հոդվածագիրը պատմում է սեպտեմբերյան իրադարձությունների մասին և նշում, որ ԼՂ-ից հայերի «արտագաղթը» (բռնի տեղահանություն.- Ա․Մ․) Եվրախորհրդարանն անվանում է էթնիկ զտում, ինչն Ադրբեջանը հերքում է։ «Մենք պատերազմով խաղաղություն բերեցինք»,- Ալիևի այս խոսքերը մեջբերում է հեղինակը։
Նա նաև գրում է, թե հասկանալի չէ՝ արդյո՞ք այդ խաղաղությունը տևական կլինի, Ադրբեջանում շատերը վախենում են, որ էթնիկ ազգայնականությունը և տարածքային վերամիավորման երդումը, որոնց վրա Ալիևը կառուցեց իր լեգիտիմությունը, ավելի հավանական է, որ նոր թիրախներ գտնի, քան ցրվի:
«Իսկ Հայաստանում, որը մերկացված է իր թույլ ռազմական և բացակա դաշնակիցների պատճառով, պետությունը պայքարում է ավելի քան 100.000 ղարաբաղցի փախստականների ինտեգրելու համար, որոնցից շատերն ասում են, որ չեն կարող հարմարվել իրենց նոր կյանքին»,- նման որակումներով է իրավիճակը նկարագրում CNN-ի հոդվածագիրը։
Կյանքն առկախված
Ըստ հոդվածագրի, Նոննա Պողոսյանը փախել է Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում գտնվող իր տնից՝ ամուսնու, երկվորյակ երեխաների և տարեց ծնողների հետ։
Նրանք այժմ փոքր բնակարան են վարձակալում Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Սակայն Պողոսյանը, ով Ստեփանակերտում աշխատում էր՝ որպես Հայաստանի ամերիկյան համալսարանի ծրագրերի համակարգող, ասաց, որ իր միտքը դեռ Ղարաբաղում է։
«Ես պարզապես չեմ դիմանում, ցանկանում եմ իմանալ, թե ինչ է կատարվում այնտեղ՝ Ստեփանակերտում, ի՞նչ է կատարվում իմ տան հետ: Ես նախանձում եմ բոլոր նրանց, ովքեր շնչում են այնտեղի օդը»,- ասել է նա CNN-ին:
«Ալիևն ասել է, որ լքված տները մնացել են «անձեռնմխելի», սակայն սոցիալական ցանցերի տեսանյութերում երևում է, թե ինչպես են ադրբեջանական զորքերը վանդալիզմի ենթարկում տները։
«Չեմ ուզում պատկերացնել, որ այն վերցրել է ուրիշը։ Դա այն տունն է, որը մենք կառուցել ենք մեր երեխաների համար»,- ասաց Պողոսյանը։
Նրա երեխաները դպրոցից տուն էին վերադառնում, երբ սեպտեմբերի 19-ին ադրբեջանական հրթիռները խոցեցին Ստեփանակերտը:
Ամուսինը նրանց գտավ ճանապարհին և տարավ ռումբերի ապաստարան: Երբ հաջորդ օրը նրանք արթնացան, իշխանությունը հանձնվեց։ Նրանց կյանքը մի գիշերվա ընթացքում փլուզվեց: Նրանք փախան իրենց տնից հաջորդ շաբաթ՝ գրեթե ողջ բնակչության հետ միասին»,- գրում է CNN-ը։
«Մենք այնտեղ թողեցինք մեր հոգիները»
Գայանե Լալաբեկյանն ասաց, որ ամեն առավոտ արթնանում է Երևանի իր նոր բնակարանում և ինքն իրեն հարցնում`ճի՞շտ է վարվել: Շատ ղարաբաղահայեր, պայքարելով իրենց նոր կյանքի հետ հաշտվելու համար, մտածում են, թե ինչ կարող էին այլ կերպ անել։
«Ինքս ինձ հարցնում եմ՝ դա ճի՞շտ քայլ էր»,- CNN-ին ասաց անգլերենի ուսուցիչ Լալաբեկյանը։ Նրան հաճախ է պատում հայրենիքը լքելու մեղքի զգացումը, բայց հետո հիշում է այն «պարզունակ վախը», որը զգացել է փախչելիս:
«Երբ տեսնում եմ իմ աղջկան, նրա փոքրիկ որդուն, երբ տեսնում եմ մորս, նա 72 տարեկան է, երբ տեսնում եմ որդուս և նրա կնոջը, նրանք ամուսնացել են հուլիսին… Ես տեսնում եմ, որ եթե մենք այնտեղ մնայինք, միգուցե դրանք չունենայի»,- ասել է նա CNN-ին։
Ալիևն ասել է, որ հայերը, ովքեր ցանկանում են մնալ Ղարաբաղում, պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն։
«Նրանք ունեին երկու հնարավորություն՝ կա՛մ ինտեգրվել մնացած Ադրբեջանի հետ, կա՛մ գնալ դեպի պատմություն»,- ասել էր նա։
Սակայն սերունդների բռնություններից հետո հայերից քչերն էին հավատում, որ կարող են ապահով ապրել Ադրբեջանում, և գրեթե ոչ ոք չի ենթարկվի Բաքվի կառավարության ղեկավարությանը, չնայած Ադրբեջանի պնդմանը, որ ոչ մի խաղաղ բնակիչ չի տուժել իր «հակաահաբեկչական միջոցառումների» արդյունքում:
«Ալիևը իսկական մարդ չէ, նա սատանա է. մենք չենք կարող վստահել նրանց խոստումներին»,- ասաց Լալաբեկյանը։
«Մենք չենք կարող միասին ապրել»,- ընդգծել է նա։
«Ի՞նչ ենք անելու հետո. մենք չգիտենք, թե ով ենք մենք։ Մենք արցախցի՞ ենք, թե՞ ՀՀ քաղաքացի։ Մենք չենք կարող պատասխանել այս հարցին։ Մենք ամեն ինչ թողեցինք այնտեղ։ Մենք մեր հոգիները թողել ենք այնտեղ»,- ասել է արցախցի ուսուցչուհին։
Խաղաղության հեռանկարը
CNN-ը գրում է, որ որոշ սառնարյուն դիտորդներ պնդում են, որ ղարաբաղյան փախստականների վիճակը կարող է լինել տարածաշրջանային խաղաղության ողբերգական գինը, և քանի որ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված է՝ որպես Ադրբեջանի մաս, Հայաստանի կողմից անկլավից հրաժարվելը հաշտեցման նախապայման էր։
«Բայց Ալիևը քիչ մեծահոգություն է ցուցաբերել։ Անկլավ կատարած իր առաջին այցելության ժամանակ նա քայլել է Ղարաբաղի դրոշի վրայով և ծաղրել իր բանտարկած ղարաբաղցի քաղաքական գործիչներին, երբ նրանք փորձում էին փախչել:
Բերման ենթարկվածների թվում է նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Վարդանյանի որդին՝ Դավիթը, CNN-ին նկարագրել է «անթափանց արդարադատության համակարգը», որում այժմ թակարդված է նրա հայրը՝ ի թիվս այլ բաների, մեղադրվելով «ահաբեկչության ֆինանսավորման» և «սահմանի ապօրինի հատման» մեջ։ Ադրբեջանն ու Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունեն, ուստի Վարդանյանին թույլ չեն տվել հյուպատոսական մուտքը։ Սեպտեմբերի 27-ին ձերբակալվելուց հետո Դավիթը միայն մեկ անգամ է կարողացել խոսել իր հոր հետ՝ բանտի հեռախոսով։
«Նա պարզապես ասաց, որ կարող է կարճ ժամանակ այնտեղ լինել»,- ասաց Դավիթը:
«Եթե մենք իսկապես ցանկանում ենք խաղաղություն տարածաշրջանում Ադրբեջանի և Հայաստանի միջև, ապա դուք չեք կարող ունենալ քաղբանտարկյալներ, երբ խաղաղության պայմանագիր ստորագրվի»,- ասաց նա։
Ղարաբաղի վերանվաճումից մի քանի շաբաթ հետո Բաքուն չեղյալ հայտարարեց խաղաղ բանակցությունները Բրյուսելում և Վաշինգտոնում՝ պատճառաբանելով Ադրբեջանի դեմ արևմտյան կողմնակալությունը։ Միևնույն ժամանակ, նրա հռետորաբանությունն իր տարածքային հավակնությունների շուրջ սրվել է։ Կառավարության փաստաթղթերում Հայաստանը հիշատակվում է՝ որպես «Արևմտյան Ադրբեջան», ազգայնական հայեցակարգ, որը պնդում է, որ Հայաստանը կառուցված է ադրբեջանական հողի վրա»,- գրում է արևմտյան լրատվամիջոցը։
Ըստ հոդվածագրի, դիվանագիտությունը կարող է կրկին անպտուղ լինել։
Վերլուծաբանները զգուշացնում են Հայաստանի Հարավում Ադրբեջանի աճող ռազմական ներկայության մասին։ Հարավային Կովկասի հարցերով Crisis Group-ի ավագ վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը CNN-ին ասել է, որ «այն տարածքներից մեկում, որտեղ ադրբեջանական ուժերը գտնվում են սահմանի երկայնքով, նրանցից շատ քիչ ժամանակ կպահանջվի Հայաստանը կտոր-կտոր անելու համար»:
«Ղարաբաղի հայերը միշտ գիտեին, որ հայտնվել են մեծ տերությունների հակամարտության խաչմերուկում: Բայց 30 տարվա հարաբերական խաղաղությունից հետո նրանք չէին սպասում, որ ամեն ինչ այդքան արագ կփլուզվի։ Արդեն առջևում նոր տարին է, նրանք սպասում են անորոշ ապագայի՝ առանց տների, ունեցվածքի և ապրուստի միջոցների:
«Ես հասկանում եմ, որ դա մեծ խաղ է, որտեղ ներգրավված են մեծ երկրներ. Ռուսաստանի շահերը, Թուրքիայի շահերը, Ադրբեջանը՝ այս ամենի շրջանակում խաղացողը, Հայաստանը չափազանց թույլ է դիմակայելու համար: Ես դա գլոբալ եմ հասկանում»,- ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ 100,000 մարդու մակարդակով դա ողբերգություն է»,- գրում է CNN-ը:
Պատրաստեց՝ Արաքս Մարտիրոսյանը