Վանաձորում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով կան տուժածներ
Դեկտեմբերի 27-ին, ժամը 14։40-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար․ երկու ավտոմեքենայի բախման հետևանքով կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից՝ հավելելով, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Renault» (վարորդ՝ Ռ․ Հ․, ծնված 1949 թ․) և «Opel» (վարորդ՝ Գ․ Ա․, ծնված 1984 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Renault» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին․ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Փրկարարները «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին (Ն. Թ., ծնված 1997թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Ն․ Թ․-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։