Իրանը հույս ունի, որ երկիրը տրանսպորտային հանգույց կդառնա ԵԱՏՄ-ի հետ համաձայնագրի շնորհիվ
Իրանը շուտով խոշոր տրանսպորտային հանգույց կդառնա Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի շնորհիվ։ ԻՌՆԱ գործակալությանը տված հարցազրույցում այդ մասին ասել է Իսլամական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Մոհամմադի Բախշը։
«Դեպի բաց ջրեր մեր երկրի համար ելքի առկայության փաստը մեզ հնարավորություն է ընձեռում բեռներ փոխադրել Հյուսիս-Հարավ միջանցքով, իսկ ԵԱՏՄ անդամ երկրների հետ օդային հաղորդակցության զարգացման միջոցով Իրանը կվերածվի խոշոր տրանսպորտային հանգույցի»,- ասել է գերատեսչության ղեկավարը:
Նա հավելել է, որ, հաշվի առնելով Իրանի աշխարհաքաղաքական դիրքը և տարբեր տրանսպորտային միջոցներով բեռնափոխադրումների փորձը, մեծ ներուժ կա Եվրասիական տնտեսական միության երկրների հետ օդային փոխադրումների հարաբերությունների զարգացման համար՝ այդ ոլորտում նրանց կարիքները բավարարելու համար։
Դեկտեմբերի 25-ին ԵԱՏՄ երկրներն Իրանի հետ ստորագրել են ազատ առևտրի լիաֆորմատ համաձայնագիր։ Փաստաթղթի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում: