Ի՞նչ է ցանկանում հայկական կողմից Իրանը․ Իրանի ԱԳ նախարարը Հայաստանում է

Այսօր աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Հոսեյն Աբդոլլահիանը։

Իրանի ԱԳ նախարարությունն այցի օրակարգի վերաբերյալ կարճ հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ակնկալվում է՝ Իրանի ԱԳՆ ղեկավարը Հայաստանի իշխանությունների հետ կքննարկի մշակութային, առևտրային, տնտեսական և քաղաքական ոլորտներում համագործակցության և երկկողմ հարաբերությունների ներկայիս վիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի որոշ հարցեր։

Հաղորդագրության համաձայն, մասնավորապես, Ամիր Աբդոլլահիանը նախատեսում է քննարկել Հարավային Կովկասի վերջին իրադարձությունները, ինչպես նաև «3+3» ձևաչափը Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման համար։

Մինչ այս այցը՝ երեքշաբթի օրը, Իրանի արտգործնախարարը Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ քննարկել էր Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և, այսպես կոչված, խաղաղության համաձայնագիրը, այսինքն՝ այս հեռախոսազրույցները ևս եղել են Հայաստան-Ադրբեջան հնարավոր Խաղաղության համաձայնագրի ստորագրման թեմայով։

Ուշագրավ է, որ օրերս էլ՝ դեկտեմբերի 20-ին, Փաշինյան-Ռաիսի հեռախոսազրույց էր տեղի ունեցել։ ՀՀ կառավարությունն այս հեռախոսազրույցի վերաբերյալ նշել էր, որ զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային թեմաներին վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել երկկողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:

«Մտքեր են փոխանակվել 3+3 տարածաշրջանային հարթակի վերաբերյալ, կողմերն օգտակար են համարել Թեհրանում կայացած հանդիպումը»,- ասված էր հաղորդագրությունում։

Իսկ իրանական կողմի տարածած հաղորդագրությունն ավելի սուր բնույթ էր կրում։ Դրա համաձայն՝ Ռաիսին մասնավորապես ասել էր, որ իր երկրի քաղաքականությունը կովկասյան տարածաշրջանի նկատմամբ մնում է անփոփոխ՝ Թեհրանը սատարում է այդ տարածաշրջանի հետ կապի ուղիների բացմանն ուղղված ցանկացած միջոց՝ հավատարիմ մնալով բոլոր երկրների ազգային ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու սկզբունքին։

Մեկնաբանելով երկու երկրների, ինչպես նաև՝ տարածաշրջանային երկրների միջև ճանապարհային և երկաթուղային կապուղիների զարգացման հայկական ծրագիրը՝ Իրանի նախագահը հայտարարել էր, որ Իրանը սատարում է ցանկացած նման ծրագրի, որը նա որակել է՝ որպես խաղաղության ամրապնդման և հարևան երկրների շահերի պաշտպանության արդյունավետ քայլ։

Ռաիսին Կովկասն անվանել էր առանցքային տարածաշրջան, որտեղ պետք է խաղաղություն և հանգստություն հաստատվի՝ ասելով, որ Իսլամական Հանրապետության քաղաքականությունն այդ տարածաշրջանի նկատմամբ անփոփոխ է։

Նա նաև զգուշացրել էր Փաշինյանին, որ պետք է թույլ չտալ, որ Կովկասը վերածվի արտատարածաշրջանային երկրների մրցակցության դաշտի` ընդգծելով, որ Կովկասի հետ կապված հարցերը պետք է լուծեն տարածաշրջանի երկրները և հեռու արտաքին միջամտությունից:

Դատելով իրանական կողմի վերջին հայտարարություններից՝ իրանական կողմը ջանքեր է ներդնում, որպեսզի Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը ստորագրվի ոչ թե արևմտյան որևէ մայրաքաղաքում կամ հարթակում, այլ հենց ռեգիոնալ հարթակում։

Հիշեցնենք, որ նախօրեին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ շրջանակում կայացավ Փաշինյան-Ալիև հանդիպում։ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ ասել էր, թե Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները պատրաստ են ավարտին հասցնել խաղաղ բանակցությունները՝ դուրս գալով միասնական պայմանագրի շուրջ պայմանավորվածության։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031