Իրանի արտգործնախարարը ողջունել է Երևանի և Բաքվի միջև բանակցությունների առաջընթացը
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքը: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի իշխանությանը։
Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները, համագործակցության ընթացքն ու երկկողմ հարաբերությունները: Խոսվել է նաև տարածաշրջանային և միջազգային հարցերի մասին։
Անդրադառնալով Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին՝ Աբդոլլահիանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների առաջընթացը:
«Նա ընդգծել է, որ Իրանն աջակցում է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերին», – նշում է IRNA-ն:
Իրանական կողմի տվյալներով՝ ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ Ռուսաստանն աջակցում է Իրանի տարածքային ամբողջականությանը և մտադիր չէ փոխել դիրքորոշումն այդ հարցում:
Ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իրանի ԱԳՆ են կանչել Թեհրանում ՌԴ գործերի հավատարմատարին՝ բողոք հայտնելու ռուս-արաբական ֆորումին ընդունված հայտարարության դրույթներից մեկի դեմ: Այն ժամանակ իրանական կողմը բողոք էր հայտնել, որ ռուսական կողմը «պաշտպանել է անհիմն հավակնությունները, որոնք պարունակվում են վերջերս Մարոկկոյում կայացած ռուս-արաբական համագործակցության համաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ»:
Իրանական կողմի բողոքն առաջացրել է հայտարարության մի մասը, որում խոսվում է Պարսից ծոցում երեք կղզիների կարգավիճակի մասին: