Նեթանյահուն նշել է երեք պայման Գազայի հատվածում խաղաղության համար
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նշել է երեք պայման Գազայի հատվածում հակամարտությունը դադարեցնելու համար։ Դա ՀԱՄԱՍ-ի ոչնչացումն է, անկլավի ապառազմականացումն ու ապառադիկալացումը։
Այդ մասին Իսրայելի վարչապետը հոդված է հրապարակել The Wall Street Journal-ում։
«ՀԱՄԱՍ-ը պետք է ոչնչացվի, Գազան պետք է ապառազմականացվի, իսկ պաղեստինյան հասարակությունը պետք է ապաարմատականացվի: Սրանք երեք նախապայմաններն են Իսրայելի և Գազայի հատվածում նրա պաղեստինցի հարևանների միջև խաղաղության համար», – գրել է Նեթանյահուն:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և շատ այլ երկրներ հավանություն են տալիս պաղեստինյան արմատական շարժումը ոչնչացնելու` Իսրայելի մտադրությանը։ «Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է վերացնել նրա ռազմական ներուժը և վերջ դնել Գազայի հատվածում նրա քաղաքական տիրապետությանը», – նշում է Նեթանյահուն։
Ինչպես նշում է Նեթանյահուն, անկլավի ապառազմականացման համար անհրաժեշտ է «ստեղծել ժամանակավոր անվտանգության գոտի Գազայի հատվածի պարագծի երկայնքով և տեսչական մեխանիզմ Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին», որը կկանխի զենքի մաքսանենգությունը Գազայի տարածք։
Հոդվածում հրեական պետության վարչապետը նաև նշել է, որ պաղեստինյան քաղաքացիական հասարակությանն «անհրաժեշտ է վերափոխել այնպես, որ նրա ժողովուրդն աջակցի ահաբեկչության դեմ պայքարին, այլ ոչ թե ֆինանսավորի այն»։
«Հենց ՀԱՄԱՍ-ը ոչնչացվի, Գազայի հատվածը կապառազմականացվի, իսկ պաղեստինյան հասարակությունը կսկսի ապաարմատականացման գործընթացը։ Գազան կարող է վերականգնվել, և Մերձավոր Արևելքում ավելի լայն խաղաղության հեռանկարներն իրականություն կդառնան», – եզրափակել է Նեթանյահուն: