Սերժ Սարգսյանի հետ փախստականների վերադարձի հարց մեկ անգամ է քննարկվել. ասել է՝ Արցախի ինքնորոշումից հետո դա կքննարկեք Արցախի ղեկավարների հետ. Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ խոսեց նաև «Խաղաղության պայմանագրի» մասին։

Նրա խոսքով՝ վերջերս մամուլում շրջանառվող լուրերի և հայկական կողմից դրա վերաբերյալ արձագանքների բացակայությունը հաշվի առնելով, նախատեսվում է, որ այդ պայմանագրում հիշտակում չի լինելու Արցախի մասին։ Այնտեղ կա մեկ նորություն՝ հնարավոր պայմանագրում հիշատակում չի լինի դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին։

«Այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրը», որը խաղաղության հետ որևէ աղերս չունի, լինելու է դատարկ ու փուչ մի փաստաթուղթ։ Ուզում եմ հիշեցնել այն ժամանակները, երբ նախագահ Սերժ Սարգսյանը բացատրում էր բանակցային անատոմիան, բացատրում, որ Հայաստանը երբեք չի բանակցել Ադրբեջանի հետ, այլ միշտ բանակցել է միջնորդ, երաշխավոր երկրների հետ։ Հիմա Փաշինյանն ընդունեց, որ բացառապես Ադրբեջանի հետ բանակցելն ինքնասպանություն է, այն, ինչով ինքը զբաղվում էր 2018 թվականից սկսած»,- նշեց Հայկ Մամիջանյանը։

Նա արձանագրեց, որ «խաղաղության պայմանագիրն» առանց միջնորդների ու երաշխավորների՝ չի կարող իրականություն դառնալ։ Հայաստանն այնպիսի հարևաններ ունի, որոնց պարագայում առանց հողի վրա երաշխիքների՝ հավանական չէ խաղաղություն ունենալ։

Կարդացեք նաև

«Վերջերս Փաշինյանն անհեթեթությունների և ստերի շքերթում փորձեց մի միտք հնչեցնել՝ կապված ժամանակին բանակցված միջանկյալ կարգավիճակի հետ։ Նախորդ բոլոր բանակցային փաստաթղթերը իրենց առավելություններով, ուժեղ կողմերով և, ըստ Փաշինյանի այլասերված մեկնաբանությունների՝ իրենց խոցելիություններով, կապ չունեն իր մեղքի հետ։

Հիշեցնեք, որ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին հայտարարեց, որ բանակցությունները սկսում է իր զրոյական կետից, հետևաբար՝ իր բոլոր «գլուխարդուկոցիները»՝ կապված Մադրիդյան սկզբունքների, Կազանի և այլ բանակցային գործընթացի հետ, բացառապես կապ չունեն իր մեղքի հետ, մեղավորությունն իրենն է և վերջ»,- ընդգծեց Հայկ Մամիջանյանը։

Նրա պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը ստում է, երբ հայտարարում է, որ նախկին իշխանությունների բանակցած միջանկյալ կարգավիճակը ենթադրում էր Արցախի պետական ինստիտուտների լուծարում։ Ցանկացած միջանկյալ կարգավիճակ, որը նախկինում բանակցվել էր, ենթադրում էր ստատուս-քվո, ինչպես նաև առկա իրավիճակին հավելյալ անվտանգային երաշխիքներ և հնարավորություններ։

Ըստ Հայկ Մամիջանյանի, Նիկոլ Փաշինյանն այս ամենը չի կարող նենգափոխել, քանի որ այդ փաստաթղթերը հրապարակված են։

«Կազանյան փաստաթղթից սկսած՝ մինչև նախագահ Սերժ Սարգսյանի բանակցային փուլի ավարտ, բոլոր փաստաթղթերն էական տարբերություն՝ Կազանում առկա պնդումներից ու կետերից, չեն ունեցել։ Վերջերս շատ է քննարկվում ադրբեջանցի, այսպես կոչված, «փախստականների» վերադարձը Հայաստան կամ Արցախ։ Այսօր դրա վերաբերյալ Ադրբեջանի մեջլիսը հայտարարություն է ընդունել։

Եվս մեկ կարևոր արձանագրում բանակցային գործընթացից՝ «փախստականների» վերադարձի վերաբերյալ բովանդակային բանակցություն երբեք չի վարվել, նման կետ բանակցային սեղանին չի եղել Սերժ Սարգսյանի բանակցությունների ժամանակ։ Մեկ անգամ է նախագահ Սարգսյանի հետ քննարկվել հարցը, որին հայկական կողմի պատասխանը եղել է հետևյալը՝ Արցախի ինքնորոշումից հետո այդ հարցը կկարողանաք քննարկել Արցախի իշխանությունների հետ»,- շեշտեց Հայկ Մամիջանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս