ՀՀ-ում հակառուսականություն չկա. ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը չեմ բացառում. Ալեն Սիմոնյան

ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն ասել էր, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում կնքված գրեթե բոլոր պայմանագրերը կատարվել են ժամանակին և որակով։

«Մոսկվան և Երևանը քննարկում են նոր պայմանավորվածությունների կնքումը․ Քննարկվում են նաև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում մեր երկրների միջև նոր համաձայնագրեր»,- ասել է դեսպանը։

Այսօր խորհրդարանում լրագրողներն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին, դեսպանի ասածը համապատասխանո՞ւմ է իրականությանը, ինչին ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանն ասաց.

«Չեմ բացառում։ Հա՛մ զենքի մասին եք հարցնում ու ասում, որ նոր է եղել, համ ուզում եք՝ ես ձեզ սաղ պատմեմ»։

Կարդացեք նաև

Հարցին՝ նոր պայմանագրերի մասի՞ն է խոսքը, թե՞ իշխանության ասած այն պայմանագրերի կատարման, ըստ որի՝ զենքի համար վճարել են Ռուսաստանին, սակայն  զենք չի տրվել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ սա ընդհանուր քննարկում է, որտեղ կարող են ներառված լինել բոլոր չակերտավոր խնդիրները։

«Սպասեք, տեսնենք՝ ինչ է, նոր հասկանանք»,- լրագրողներին հորդորեց ԱԺ նախագահը։

Հաջորդ հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ ՀՀ օրվա իշխանությունների մոտ հակառուսական տրամադրություններ են, բայց նոր համագործակցության վերաբերյալ պայմանագրեր են քննարկվում, Ալեն Սիմոնյանը  նախ հարցրեց, թե ում մոտ է հակառուսականություն, ապա շարունակեց, թե այդ արտահայտությունը սխալ է, քանի որ հայերն ու ռուսները բարեկամ ժողովուրդներ են։

«Ժողովուրդների մասին չի կարելի նման բան ասել, Հայաստանում հակառուսականություն չկա, կա հակակրանք այն քաղաքականության նկատմամբ, այն քայլերի նկատմամբ, որոնք վերջին տարիների ընթացքում իրականացվել են։ Խնդրում եմ, սա չվերածենք հակառուսական տրամադրությունների»,- շեշտեց ԱԺ նախագահը։

Մեկ այլ հարցին, թե հաջորդ տարի Հայաստանը կստանձի՞ ԵԱՏՄ նախագահությունը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ կրկին չի բացառում, քանի որ այդ համագործակցության շնորհիվ է մեր տնտեսությունն աճ ապահովում։

«Կարծում եմ՝ Կառավարությունը ճիշտ որոշում կընդունի, եթե որոշեն ստանձնել»,- հավելեց Ա. Սիմոնյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս