Հարավային Կովկասը չպետք է դառնա արտատարածաշրջանային ուժերի բախումների հարթակ. Ռայիսի

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին  Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Հարավային Կովկասը չպետք է դառնա արտատարածաշրջանային ուժերի բախումների հարթակ։

Իրանի նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ, Ռայիսին մասնավորապես նշել է, որ Թեհրանը Հարավային Կովկասը դիտարկում է որպես խաղաղության և հանգստության կարիք ունեցող կարևոր տարածաշրջան։ Նրա խոսքով` տարածաշրջանի նկատմամբ Իրանի քաղաքական գիծը չի փոխվել, և պետք է հոգ տանել, որպեսզի Կովկասի տարածաշրջանը չդառնա արտատարածաշրջանային երկրների բախումների հարթակ։ Խնդրահարույց հարցերը պետք է լուծեն տարածաշրջանի երկրները` առանց կողմնակի միջամտության:

Ռայիսին անդրադարձել է նաև ՀՀ կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։ Նրա խոսքով` Իրանը աջակցում է կովկասյան տարածաշրջանում ուղիների և ենթակառուցվածքների բացման ցանկացած գործողության և հարթակի, որը կհարգի երկրների ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքը։

Իրանի նախագահը կարևորել է վերջերս Թեհրանում կայացած «3+3» հանդիպման հաջող անցկացումը` այն համարելով կառուցողական քայլ՝ ուղղված տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ու կարգավորմանը։

«3+3» ձևաչափի (իրականում՝ «հնգյակի», քանի որ Վրաստանը դեռ չի մասնակցում հարթակի աշխատանքներին) առաջին հանդիպումը կայացել է 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում՝ հինգ երկրների` Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարների մակարդակով։ Մեկ այլ հանդիպում էլ տեղի է ունեցել 2023 թվականի հոկտեմբերին Իրանում։ Հաջորդ հանդիպումը կկայանա Թուրքիայում 2024 թվականին։

Տեսանյութեր

Լրահոս