Ռեկորդ՝ Թուրքիայից Իսպանիա արտահանումների ծավալում
Թուրքիայի արտահանողների խորհրդի կողմից թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությանը տրամադրած տվյալների համաձայն՝ 2023-ի 11 ամիսների ընթացքում Թուրքիայից արտահանված ապրանքների ծավալն ընդհանուր առմամբ կազմել է շուրջ 233 մլրդ դոլար: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ընդ որում, 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ այն գրանցել է 0.7 տոկոսի աճ: Սակայն այլ է պատկերը կոնկրետ Իսպանիա արտահանված ապրանքների ծավալի դեպքում:
Թուրքիայից Իսպանիա մատակարարումների ընդհանուր ծավալը 2023-ի հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է ավելի քան 8.5 մլրդ դոլար, որն այդ երկիր իրականացված արտահանումների տեսանկյունից բոլոր ժամանակների ամենաբարձր ցուցանիշն է:
Վերոնշված ցուցանիշների արդյունքում Իսպանիան դարձել է Թուրքիայից ամենաշատ ապրանք գնած 8 երկրներից մեկը:
Նշենք, որ այդ երկրների մեջ, ըստ հերթականության, տեղ են գտել նաև Գերմանիան՝ շուրջ 17 մլրդ, ԱՄՆ-ն՝ ավելի քան 11 մլրդ, Միացյալ Թագավորությունը՝ ավելի քան 10 մլրդ 400 հազար, Իտալիան՝ ավելի քան՝ 10 մլրդ 200 հազար, Ֆրանսիան՝ շուրջ 9 մլրդ, Իրաքը՝ ավելի քան 8 մլրդ 700 հազար և Ռուսաստանի Դաշնությունը՝ ավելի քան 8.5 մլրդ դոլարով: