Մի հատ կողմնորոշվեք՝ սպորտսմե՞ն եք, հանցագո՞րծ, թե՞ ոստիկան. Եղիշե Մելիքյան
«Ես վստահ չեմ, որ Արաս Օզբիլիսը կարող է հասնել արագ փոփոխությունների, բայց ես այդ տղային շանս կտայի: Եթե Մելիքբեկյանը, լինելով լրագրող ու ղեկավարման փորձ չունենալով, կարողանում է ղեկավարել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ), ինչո՞ւ ֆուտբոլ խաղից հասկացող, ֆուտբոլային հսկայական փորձ ունեցող Օզբիլիսը չի կարող ՀՖՖ նախագահ դառնալ»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 23-ին տեղի ունենալիք ՀՖՖ նախագահի ընտրություններին՝ հավելելով, որ «Փյունիկը» կքվեարկի Արաս Օզբիլիսի օգտին:
Անդրադառնալով «Փյունիկ»-ՀՖՖ հակամարտությանը՝ Եղիշե Մելիքյանն անդրադարձավ ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի՝ օրեր առաջ հնչեցրած մտքերին, մասնավորապես նրան, որ «Փյունիկը» վարկաբեկում է ՀՖՖ-ին, դրա համար նրան զրկել են նաև Աբովյանի մարզադաշտում խաղալու իրավունքից:
«Դիկտատուրայի ռեժիմ է: Ավելի լավ էր՝ չխոսեին ընդհանրապես: Ի՞նչ է նշանակում վարկաբեկել: Մենք առողջ քննադատություն ենք անում, դուք տանում եք վարկաբեկման դաշտ: Դուք չե՞ք ամաչում: Իսկ որտե՞ղ էիք, երբ Ֆեդերացիայի կայքով ձեր մարզիչները վարկաբեկում էին «Փյունիկի» նախագահին: Բա ինչո՞ւ չէիք հարթում»,- ՀՖՖ ղեկավարությանը դիմելով՝ ասաց Եղիշե Մելիքյանը:
Վերջինս մանրամասնեց, որ նշված անձինք ՀՖՖ ռեսուրսներով «Փյունիկի» նախագահի մասին խոսելիս իրենց թույլ են տվել ասել՝ «Մենք քո հետ կարանք խոսանք փողոցի լեզվով»:
«Այ ձեր Աստծուն մեռնեմ, դուք ի՞նչ կապ ունեք փողոցի հետ, որ փողոցի անունից բան եք ուզում խոսել: Դուք մարզիչներ եք, սպորտսմեններ: Ո՞նց կարելի է նման արտահայտություն անել: Մեր երկրում ամենամեծ պրոբլեմն այն է, որ մարդիկ ցերեկը զբաղվում են սպորտով, երեկոյան գնում են ռեստորան, մի երկու բաժակ խմում են, դառնում հանցագործ աշխարհի տղա, առավոտ էլ «будильник»-ով վեր են կենում, գնում պարապմունք են անում: Մեկն էլ երեկոյան խոսում է հանցագործ աշխարհից, առավոտյան ֆորմեն հագնում, գնում է ոստիկան աշխատելու: Մի խառնեք իրար, կողմնորոշվեք՝ սպորտսմե՞ն եք, հանցագո՞րծ, թե՞ ոստիկան»,-ասաց Եղիշե Մելիքյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: