Կիպրական ռեալպոլիտիկ՝ ըստ Քիսինջերի

2024 թվականին կլրանա ուղիղ 50 տարի, ինչ Թուրքիայի զինված ուժերը ներխուժել և գրավել են Միջերկրական ծովում գտնվող անկախ պետության՝ Կիպրոսի Հանրապետության տարածքի շուրջ 40 %-ը։

Կիպրոսի օկուպացված հյուսիսային հատվածում Թուրքիան հռչակել է «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը» (Kuzey Kıbrıs Türk Cumhuriyeti), որը բացի Թուրքիայի որևէ այլ պետություն չի ճանաչել։ Հյուսիսային Կիպրոսն, ըստ էության, Թուրքիայի նահանգներից մեկն է։

Թուրքիայի ռազմական նվաճմանն ընդառաջ միջազգային տարբեր ձևաչափերում քննարկվում էր այդ հարցը։ Շատերը կարծում էին, որ ՆԱՏՕ անդամ երկու պետությունները՝ Թուրքիան և Կիպրոսի ետևում կանգնած Հունաստանը չեն պատերազմի, սակայն եղավ հակառակը։

Նույնիսկ Հունաստանի դեմարշը և ՆԱՏՕ-ից դուրս գալը որևէ կերպ չբերեց նրան, որ իրական ճնշում գործադրվի Թուրքիայի վրա և վերջինս դուրս հանի զորքերը գրավված տարածքներից։

Այս հարցում Թուրքիայի դաշնակից ԱՄՆ դիրքորոշման մասին հետաքրքիր վկայություններ կարելի է գտնել վերջերս մահացած քաղաքագետ և պետական գործիչ Հենրի Քիսինջերի և ԱՄՆ նախագահ Ֆորդի զրույցներում։ Զրույցի մանրամասները մեզ հայտնի են նախագահ Ֆորդի գաղտնազերծված արխիվից։

1974 թ. օգոստոսի 13-ի վաղ առավոտյան այդ ժամանակ պետքարտուղարի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի օգնականի պաշտոնները համատեղող Քիսինջերը զեկուցում է նախագահ Ֆորդին հույն-թուրքական պատերազմի մասին։ Ահա զրույցից մի դրվագ.

Նախագահ Ֆորդ. «Ի՞նչ ենք մենք անելու, եթե թուրքերը հարձակվեն»։

Քիսինջեր. «Մենք պետք է նրանց դեմ քվեարկենք [ՄԱԿ] անվտանգության խորհրդում։ … Թուրքերը հենց հիմա ծայրահեղ ազգայնական են։ Մի քանի տարի է, ինչ թուրքերի մարտավարությունը ճիշտ է. վերցնում են այն, ինչ ուզում են և ապա ուժեղի դիրքերից բանակցում։ Բայց եթե թուրքերը խորանան Կիպրոսում, հույները կարող են տապալվել։ Վստահորեն, մենք չենք ուզում երկուսի միջև պատերազմ, բայց եթե գործը հասնի դրան, Թուրքիան ավելի կարևոր է մեզ համար և նրանք ունեն այնպիսի քաղաքական կառուցվածք, որը կարող է արտադրել Քադաֆիներ։

… Իմ որոշ գործընկերներ ուզում են դադարեցնել Թուրքիային [ԱՄՆ] աջակցությունը։ Դա աղետ կլինի։ Չկա որևէ ամերիկյան պատճառ, թե ինչու թուրքերը չպետք է գրավեն Կիպրոսի մեկ երրորդը։…»։

Այս դրվագը հետաքրքիր կերպով ցույց է տալիս, թե ինչ է նշանակում ռեալպոլիտիկ՝ իրական քաղաքականություն և թե իրականում ինչպես են ընդունվում որոշումները աշխարհաքաղաքական հարցերում։

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի բլոգ

Տեսանյութեր

Լրահոս