Հռոմի պապը Գազայի հատվածում Իսրայելի գործողություններն ահաբեկչություն է անվանել
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կիրակի ենթադրել է, որ Իսրայելը «ահաբեկչական մարտավարություն» է կիրառում Գազայում՝ իր ցավը հայտնելով իսրայելական զինվորականների կողմից եկեղեցական համալիրում ապաստանած երկու քրիստոնյա կանանց սպանության առիթով, հայտնում է Reuters-ը:
Իր ամենշաբաթյա օրհնության ժամանակ Ֆրանցիսկոսը մեկնաբանել է Երուսաղեմի Լատինական պատրիարքության՝ Սուրբ Երկրում կաթոլիկ իշխանության, հայտարարությունը շաբաթ օրը տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։
«Ես շարունակում եմ շատ լուրջ և ցավալի լուրեր ստանալ Գազայից,- ասել է Ֆրանցիսկոս պապը:- Անզեն խաղաղ բնակիչները ռմբակոծությունների և հրաձգության թիրախ են: Եվ դա տեղի ունեցավ նույնիսկ Սուրբ ընտանիքի ծխական համալիրի ներսում, որտեղ ահաբեկիչներ չկան, այլ կան ընտանիքներ, երեխաներ, հիվանդներ կամ հաշմանդամներ, միանձնուհիներ»։
«Ոմանք կասեն. «Սա պատերազմ է։ Սա ահաբեկչություն է»: Այո, սա պատերազմ է։ Սա ահաբեկչություն է»,- եզրափակել է նա։
Իսրայելի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ միջադեպը դեռ հետաքննվում է, և ինքն այժմ մեկնաբանություն չունի պապի խոսքի առիթով: