Happy Life ստարտափը վաճառքի նոր մշակույթ է բերում Հայաստան
Հայկական Happy Life ստարտափը, որը հարթակ է փոքր և միջին բիզնեսներին ճիշտ ներկայանալու, իսկ գնորդներին ապրանքների շուկայում հեշտ կողմնորոշվելու և գնումներ կատարելու, մեկտեղում է վաճառքին և գնմանը վերաբերող բոլոր գործառույթները, վաճառողներին անվճար պահեստ առաջարկում, գնորդներին՝ արագ առաքում:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ստարտափի գործադիր տնօրեն և համահիմնադիր Ռաֆայել Պողոսյանը, որը վերջին 6 տարիներին սովորել և աշխատել է Գերմանիայում, նշեց՝ հարթակը կամուրջ է գնորդի և վաճառողի միջև, որը միաժամանակ երկուսին էլ մի շարք առավելություններ է առաջարկում:
«Happy Life-ը բազմաֆունկցիոնալ հարթակ է, որտեղ մարդիկ հնարավորություն ունեն ապրանքներ վաճառել, մյուս կողմից՝ հաճախորդները կարող են ապրանքներ գնել, շփվել միմյանց հետ, կիսվել ապրանքներով, ստեղծել ընդհանուր հավաքածուներ: Խանութները՝ ներառյալ օնլայն, կարող են բացել իրենց անձնական ալիքները, որի միջոցով հաճախորդների հետ կապի մեջ կլինեն, կիսվել նոր ապրանքներով, տեղադրել նորություններ և այլն»,-ներկայացրեց Պողոսյանը:
Նրա խոսքով՝ հարթակը փոքր բիզնեսներին լսարան հավաքելու, իսկ միջին բիզնեսներին լսարանն ընդլայնելու հնարավորություն է տալիս:
«Ուզում ենք «պատրաստված է Հայաստանում» պիտակի տեսանելիությունը բարձրացնել: Հարթակում շատ են հայ արտադրողները, այս պահին իրենց հետ համագործակցությունների ընդլայնման փուլում ենք: Արդեն համագործակցում ենք ավելի քան 20 խանութի հետ, այդ թվում՝ The Nude Collection, Hayouhi, Rehan Accessories և այլ հայկական բրենդների հետ»,-ասաց համահիմնադիրը:
Պողոսյանը տեղեկացրեց՝ հարթակը վաճառողին օգնում է ստեղծել օնլայն խանութը Happy Life-ում, աջակցում նոր ապրանքների ավելացման հարցում, անվճար պահեստավորում է ապրանքը մինչև 6 ամիս ժամկետով, հոգում է պահեստի անվտանգությունը, վաճառողի փոխարեն ապրանքները տեղափոխում ապրանքների հավաքագրման կետեր, որտեղից հարթակի գործընկերները առաքում են պատվերները հաճախորդներին: Ստարտափը մինչև 850 ստացման կետ ունի, իսկ ծառայությունները գործում են ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում:
«Հագուստ, կահույք, խաղալիքներ, նկարներ, ունենք 21-22 ապրանքների կատեգորիա: Ունենք որոնման հարմարավետ համակարգ, արագ ու պարզ կարգավորումներ, թիրախային լսարան, խելացի վերլուծություն: Բիզնեսները հարթակ մտնելիս վերիֆիկացվում են, մեր աշխատակիցները հսկում են ապրանքների նույնականացման պրոցեսը»,-նշեց Պողոսյանը:
Happy Life-ի թիմում այս պահին 16-ն են, ստարտափի գործառնական տնօրենը և համահիմնադիրը Սևակ Մնացականյանն է: Թիմն աշխատում է սեփական միջոցներով, առաջիկայում նախատեսում են ներդրումներ ներգրավել:
«Մեր շուկայում ու տարածաշրջանում նմանատիպ հարթակ չկա: Նպատակ ունենք նման վաճառքի ու գնման մշակույթ բերել Հայաստան: Երբ վստահ լինենք, որ այս մշակույթը Հայաստանում արդեն զարգացած է՝ կսկսենք այլ շուկաներ մտնել»,-շեշտեց համահիմնադիրը:
Պողոսյանը եզրափակելով նշեց՝ առաջիկայում հարթակը հասանելի կլինի IOS և Android համակարգերի համար: Նպատակ ունեն հարթակին նաև AI համակարգ ինտեգրել՝ շատ գործընթացներն օպտիմալացնելու, գրագետ ու ճիշտ կառավարելու համար:
Կարինե Տերտերյան