«3+3» ձևաչափի դռները միշտ բաց են Վրաստանի համար․Միխայիլ Գալուզին

Տարածաշրջանային համագործակցության «3+3» ձևաչափի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան – Ռուսաստան, Թուրքիա, Իրան) դռները միշտ բաց են Վրաստանի համար, և եթե Թբիլիսին պատրաստ լինի մասնակցել, ձևաչափի մասնակից մյուս անդամները կողջունեն դա: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Նախ՝ մեր վրացի հարևանների համար «3+3» ձևաչափի դռները միշտ բաց են։ Երբ և եթե նրանք իրենց պատրաստ զգան մասնակցելու այդ ձեւաչափին, վստահ եմ, որ մնացած հինգ երկրները կողջունեն դա»,- նշել է Գալուզինը։

Բարձրաստիճան դիվանագետն այս կապակցությամբ ընդգծել է՝ Ռուսաստանը շարունակում է ակտիվ աշխատել այդ ձևաչափով:

«Պատմության փաստերը, մեր այսօրվա իրականության փաստերը ցույց են տալիս, որ տարածաշրջանային երկրներից ավելի լավ ոչ ոք տարածաշրջանային խնդիրները մեզ համար չի լուծի։ Տարածաշրջանային խնդիրների լուծմանն արտատարածաշրջանային ներկայացուցիչներին ներգրավելու բոլոր փորձերը, որպես կանոն, ավարտվում են լավագույն դեպքում ոչնչով, իսկ վատագույն դեպքում ՝ գլոբալ հարթություն ունեցող լուրջ աղետով»- եզրափակել է Գալուզինը։

Տեսանյութեր

Լրահոս