Դեմ եմ, որ ձկնաբուծության ոլորտով զբաղվեն մարդիկ, որոնք որևէ բան չեն հասկանում դրանից. ձկնաբույծ

Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ձկնաբույծների համոզմամբ՝ կառավարությունը փորձում է համակարգի ո՛չ լիարժեք աշխատանքի հետևանքները բարդել իրենց վրա՝ փորձելով դրանք լուծել ձկնաբույծների միջոցով:

Հիշեցնենք, որ Արարատի մարզի ձկնաբուծարանների աշխատակիցները դեմ են նոյեմբերի 22-ին խորհրդարանում ընդունված Ջրային օրենսգրքում փոփոխությունների մասին օրենքին, որով Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր։

ՀՀ կառավարությունն այսպիսով փորձում է պարտադրել ձկնաբուծարաններին՝ խնայել Արարատյան դաշտի ջրային պաշարները:

«Կոմունիստների ժամանակ կար փակ զոնա: Այդ զոնայից ներքև ջրերը գալիս-լցվում էին ինչ-որ մի տեղ, այդտեղ ամբարում էին ջրերն ու պոմպերով հանում էին վերև: Հիմա, եթե նախկինում ջուրը բարձրացնելու համար 5 գիծ կար, այդ գծերը կտրտել, վաճառել են: Սևանից էլ ջուր չեն իջեցնում, իսկ մեր մոտի ջուրը պակաս է, այդ ցանցն ամբողջությամբ մաշված է: Ես դեմ եմ, որ Սևանին անգամ մատով կպնեն: Բայց այստեղից ջուրը պետք է հավաքել ու վերև բարձրացնել: Դրա համար մարդիկ ինչ-որ մեղավորների են փնտրում, չգիտեմ՝ ում: Այսինքն, մեղավորը ձկնաբո՞ւյծն է, որ ջուրն իջնում է ներքև՝ ինքը չի կարողանում վերև բարձրացնել»,- վրդովված հարցադրում արեց ձկնաբույծը:

Կարդացեք նաև

Լրագրողների հետ զրույցում ակցիայի մասնակիցը համոզմունք հայտնեց, որ ձկնաբուծությունը ռազմավարական նշանակություն կարող է ունենալ երկրում հնարավոր լարված իրավիճակներ հաղթահարելու հարցում:

«Եթե Արցախում այսպիսի 10 տնտեսություն լիներ, այդ ժողովուրդը լիքը ձուկ կունենար ուտելու: Վաղը, Աստված մի արասցե, մեր սահմանները որ փակեցին՝ դա թարմ ու բնական միս կարող է լինել: Մարդիկ կարող են գոյատևել: Գոնե այդ ամենը պետք է հաշվի առնվի: Մեր հարցն ուրիշ տեղ է դրված, ուրիշ ձևով է լուծվում: Այդպես չպետք է լինի: Ես դեմ եմ, որ ինչ-որ հարցով զբաղվեն մարդիկ, որոնք ընդհանրապես չեն հասկանում՝ ինչի մասին են խոսում: Կա՞ մասնագետ, ոչ թե ինչ-որ քմահաճույքներով որոշումներ ընդունող մարդ, խնդրում ու պահանջում եմ՝ թող գա, նստի մեզ հետ, խոսենք, միասին հասկանանք խնդրի հնարավոր լուծման տարբերակները»,- ասաց ձկնաբույծը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս