Ֆրանսիան ևս 15 մլն եվրո հրատապ մարդասիրական օգնություն կհատկացնի Հայաստանին և ԼՂ-ից տեղահանվածներին. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիան շարունակում է աջակցություն տրամադրել Հայաստանին և հայ ժողովրդին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարությունը՝ մանրամասնելով, որ երկրի խորհրդարանը նոյեմբերի 30-ին հավանություն է տվել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի փախստականներին հրատապ կարգով 15 մլն եվրոն հատկացնելուն։

«Այս լրացուցիչ մոբիլիզացիոն ջանքերը կօժանդակեն ՀԿ-ների, ԿԽՄԿ-ի, Հայկական Կարմիր խաչի և ՄԱԿ-ի գործակալությունների գործունեությանը` բնակչության խոցելի խմբերի ընդունելության և սոցիալական, բժշկական, կրթական և ֆինանսական աջակցության համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Այդպիսով, օգնության չափը, որը Ֆրանսիան տրամադրել է Հայաստանին 2023 թվականին, կազմում է 27,5 մլն եվրո։

Մեկ այլ հաղորդագրությամբ Ֆրանսիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունը և հույս հայտնել, որ սա առաջին քայլն է պահվող և կալանավորված անձանց, անհետ կորածների ճակատագրի բացահայտման հարցերում։

«Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների արագ վերսկսմանը` Եվրամիության և ԱՄՆ-ի աջակցությամբ: Կայուն խաղաղությունը հնարավոր է, եթե հարգվեն միջազգային իրավունքը, երկու երկրի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս