
Իմ ընկեր Ռուբենն ադրբեջանական գերության մեջ է, նա օգնության կարիք ունի. Թալեբ

Ամերիկացի հայտնի տնտեսագետ և հրապարակախոս, «Սև կարապը» գրքի հեղինակ Նասիմ Թալեբը X-ի իր էջում աջակցություն է հայտնել հայտնի գործարար և բարեգործ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, որը շինծու մեղադրանքներով կալանավորվել է ադրբեջանցիների կողմից։
Թալեբը դեկտեմբերի 1-2–ին Երևանում մասնակցել է «Գիտության և գործարարության օրեր» համաժողովին։
Նա գրել է, որ իր ընկերը՝ Ռուբեն Վարդանյանն ադրբեջանական բանտում է և նրան վերաբերվում են նույնիսկ ոչ որպես ռազմագերու, այլ «ահաբեկչի»։
«Հայաստանն օգնության կարիք ունի։ Նոր իմացա, որ իմ ընկեր Ռուբեն Վարդանյանն ադրբեջանական գերության մեջ է։ Նա հրաժարվեց ֆինանսիստի և բարերարի իր կարիերայից և ստանձնեց Արցախի (Լեռնային Ղարաբաղի) առաջնորդությունը։ Նրան վերաբերվում են նույնիսկ ոչ որպես ռազմագերու, այլ որպես «ահաբեկչի»,–ասվում է գրառման մեջ։