
ՀՀ ազգային ժողովն ընդունեց 2024-ի պետբյուջեի նախագիծը

Հայաստանի ազգային ժողովն ընդունեց 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը: Այն ստացավ 71 կողմ, 25 դեմ ձայն: Բյուջեի նախագծի քննարկումը խորհրդարանը շարունակել էր դեկտեմբերի 6-ին:
Ազգային ժողով ներկայացնելուց հետո պետական բյուջեի նախագծի եկամուտներում, ծախսերում և դեֆիցիտում կատարվել էին փոփոխություններ՝ պայմանավորված նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության աջակցության ծրագրերի նախատեսմամբ:
Այսպիսով 2024 թվականի պետական բյուջեի եկամուտները կկազմեն 2 տրլն 723 մլրդ դրամ, որից հարկային եկամուտներն ու տուրքերը կկազմեն 2 տրլն 613 մլրդ դրամ: Բյուջեի նախագծով նախատեսվել են 3 տրլն 206 մլրդ դրամ ծախսեր, որից կապիտալ ծախսերը կկազմեն մոտ 695 մլրդ դրամ:
Ըստ նախագծի՝ բյուջեի դեֆիցիտը կկազմի շուրջ 483 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 4.6 տոկոսը: