«Մենք ամեն ինչ էլ հասկացել էինք ու չէինք տրվել սադրանքներին». Կոմիտասի 5Ա շենքի բնակիչներ

Ադրբեջանցի, այսպես կոչված, բնապահպանի, լրագրողի, ռազմական փորձագետի, հայագետի ու բազմաթիվ այլ մասնագիտացումներով հանդես եկող խաբեբան, ըստ երևույթին, կարծում էր, թե իր տարածած տեսանյութի՝ ոչ վաղ անցյալում  արված նկարահանումից հետո Կոմիտասի 5Ա հասցեում որևէ բան փոխված չէր լինելու: Տեսանյութերի կադրերը  միմյանց  կցել-կցմցել էր, քայլելով՝ շնչակտուր խոսքը ձայնագրել ու տարածել՝ իբր Հայաստանում է եղել:

Արդեն բազմիցս ներկայացված հակասությունների մանրամասներին, իհարկե, չենք անդրադառնա: Ադրբեջանական ոճին հարիր այս էժանագին հնարքի իսկությունը մանկահասակ երեխան էլ կարող էր հակափաստարկներով հերքել: Այն, որ տեսանյութն արվել էր մի քանի տարի առաջ՝ տեղանքին ծանոթ մարդու համար էլ անզեն աչքով տեսանելի էր: Տեսանյութի տարածումից կարճ ժամանակ անց, հերքող հաղորդագրությամբ հանդես եկավ նաև ՀՀ ԱԱԾ-ն.

«Ադրբեջանի փորձագիտական շրջանակներում որպես ռազմական փորձագետ և հայագետ ներկայացող, հայտնի և «լուրջ մասնագետ» Թելման Գասիմովի՝ ս.թ. դեկտեմբերի 5-ին տարածած տեսագրության վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ Թելման Գասիմովը նշված տեսագրությունը ստացել է դեռևս 2017թ. նոյեմբերին երկքաղաքացի «Ա. Ք.»-ից, ով տեսագրել է շենքը, որտեղ «ծնվել և մեծացել է» Թ. Գասիմովը, և ուղարկել նրան: Սակայն Թ. Գասիմովը 6 տարի անց այդ տեսանյութի մոնտաժման եղանակով՝ տեսագրությանն ավելացնելով իր ձայնը, էժանագին քարոզչությամբ փորձում է հայ հասարակության մեջ տարածել խուճապային տրամադրություններ և դրանով իր «կշիռը» բարձրացնել ադրբեջանական լսարանում: Կոչ ենք անում գասիմովներին՝ դուրս գալ հիվանդ երևակայություններից»:

ՀՀ ԱԱԾ-ն, տարածած հաղորդագրությանը զուգահեռ՝ տարածել էր նաև դեռևս 6 տարի առաջ այս թեմայով նամակագրությունից մի հատված:

Կարդացեք նաև

Շենքի բնակչուհի Աննա Պետրոսյանի համար ադրբեջանական այս քայլերն արդեն նորություն չեն: Ասում է՝ ո՛չ զարմանում են, ո՛չ վախենում:

«Ակնհայտ էր էլի, հարցն այն է, թե ինչու է հիմա սա տարածվում ժողովրդի մեջ: Մարդիկ ամեն ինչ էլ տեսնում են ու չեն տրվում սադրանքներին: Պարզ է, որ հակապետական աշխատանքներ են գնում: Ամեն ինչ հասկանում ենք ու լուրջ չենք ընդունում»,- ասաց Երևանի բնակչուհին:

Դեռևս 60-ականներից Կոմիտասի 5Ա հասցեի շենքում  բնակվող  Նունե Մելքոնյանի խոսքով՝ թուրքը երբեք չի փոխի իր դեմքը: Այս դեպքն էլ դրա ապացույցն է: Ասում է՝ երբեք չի կարող պատկերացնել այդ ազգի հետ խաղաղ համակեցությունը:

«Ո՞նց կարելի է: Ես տղա եմ կորցրել պատերազմում: Հիմա ես ո՞նց կարող եմ ադրբեջանցու հետ մի բակում ապրել: Չէ»,- հայտարարեց Նունե Մելքոնյանը:

Որպես ադրբեջանցու նախկին բնակարան ներկայացվող տան բնակիչը կիսում է հարևանների կարծիքը: Ասում է՝ այսպիսի քայլերով ադրբեջանցիները ստիպում են, որ իրենց ավելի անլուրջ վերաբերվեն՝ որպես կոմպլեքսավորված ազգի:

«Էդ ոնց որ յուղն ու ջուրը: Մենք այդքան տարբեր ենք, մեր թշնամին միայն սրանք են. թուրքն է: Ու հարցն այստեղ ոչ այնքան ազգային ու կրոնական, որքան հենց այդ քաղաքակրթության տարբերությունն է: Եթե հանկարծ նրանք այստեղ գան, մեզ ուղղակի կհանեն մեր տներից: Որտեղ թուրքը ոտք է դնում, այնտեղ նա վերացնում է բոլոր բնիկների հետքերը»,- ցավով արձանագրեց մեր զրուցակիցը:

Շենքի հին բնակիչներից այստեղ մի քանիսն են մնացել միայն: Ասում են՝ ադրբեջանական ցածրակարգ հնարքները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ գիտակցություն ունեցող հանրության վրա:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս