Իսրայելը հայտնել է Գազայի հատվածի հարավում կատաղի մարտերի մասին
Իսրայելի պաշտպանության բանակը ռմբակոծել է Գազայի հատվածի հարավում գտնվող գլխավոր քաղաքը՝ հայտարարելով, որ Գազայում ցամաքային ներխուժում սկսելուց ի վեր ամենակատաղի մարտերն է մղել։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն կրկին կոչ է արել նվազեցնել խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Իսրայելը հայտնել է, որ իր զորքերը, ռազմական ինքնաթիռների ուղեկցությամբ, դեկտեմբերի 5-ին հասել են Խան Յունիս և շրջապատել քաղաքը։
«Մենք ցամաքային գործողության մեկնարկից ի վեր ամենալարված օրն ենք անցկացրել», – հայտարարել է Իսրայելի բանակի գեներալ Յարոն Ֆինկելմանը։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ռազմական թևընույնպես հայտնել է իսրայելցիների դեմ կատաղի մարտեր մղելու մասին։
Իսրայելի ուժերը մարտեր են մղել նաև Գազա քաղաքի մոտ գտնվող Ջաբալիայի փախստականների ճամբարում։
Անցյալ շաբաթ 7-օրյա հրադադարի ավարտից հետո Իսրայելն իր սոցիալական հարթակներում քարտեզներ է տեղադրում՝ Գազայի բնակիչներին ասելով, թե անկլավի ո՛ր հատվածներ է հարկավոր հեռանալ՝ հարձակումներից խուսափելու համար։ Գազայի բնակիչներն ասում են, որ գնալու ապահով տեղ չկա, քանի որ Իսրայելը շարունակում է ռմբակոծել նաև այն հատվածները, ուր ուղղորդում է մարդկանց գնալ։
ԱՄՆ-ն դեկտեմբերի 5-ին կրկին կոչ է արել Իսրայելին, որ հարկավոր է թույլ տալ, որ Գազայի հատված մտնի ավելի շատ վառելիք և հումանիտար օգնություն։ Բացի այդ, Վաշինգտոնը հորդորել է նվազեցնել քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեկտեմբերի 5-ին հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալները սեռական ոտնձգությունների են ենթարկել կանանց, խոշտանգել և խեղել նրանց մարմինները Իսրայելի հարավում իրականացրած հարձակման ժամանակ։ Նման մեղադրանքներ է հնչեցրել նաև Իսրայելը։ ՀԱՄԱՍ-ն իր Telegram ալիքում հերքել է այս մեղադրանքները։
Հոկտեմբերի 7-ին Իսրայել ներխուժման ժամանակ ՀԱՄԱՍ-ի զինյալները սպանել էին 1200 մարդու, շուրջ 240-ին՝ գերեվարել։ 7-օրյա հրադադարի ընթացքում 105 գերիներ փոխանակվել են իսրայելական բանտերում գտնվող 240 բանտարկյալների հետ։ ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ գտնվում է Իսրայելիցգերեվարված 136 մարդ։
Ըստ ՀԱՄԱՍ-ի՝ Իսրայելի գնդակոծությունների հետևանքով պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը հասել է 16 248-ի, որոնց թվում կա 7112 երեխա։