ՀՀ կենտրոնական բանկը նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը․ ԿԲ նախագահի պարզաբանումը
ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը հոկտեմբերի 31-ին նիստում որոշել է նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.5 տոկոս։ Այս մասին հոկտեմբերի 31-ին կայացած ասուլիսում տեղեկացրել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«2023 թվականի սեպտեմբերին 12-ամսյա գնաճն ավելացել է՝ ամսվա վերջին կազմելով 0․1 տոկոս։ 12-ամսյա բնականոն գնաճը շարունակել է նվազել և սեպտեմբերի վերջում կազմել է 0․1 տոկոս։ Վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետության հիմնական գործընկեր երկրներում դիտվում է ներքին պահանջարկի որոշակի արագացում։ Միաժամանակ, աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ համաշխարհային տնտեսական աճի հետ կապված անորոշություններն ու միջազգային ապրանքահումքային շուկաներում տատանողականությունն ավելացել է»,-հավելել է ԿԲ նախագահը։
Նրա խոսքով՝ գործընկեր երկրներում 12-ամսյա գնաճը դեռևս պահպանվում է նպատակային ցուցանիշից բարձր մակարդակում։ Այս պայմաններում գործընկեր երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում կշարունակեն վարել զսպող դրամավարկային քաղաքականություն։
Արդյունքում, արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա թույլ գնանկումային ազդեցությունները կպահպանվեն։
Բանախոսը նշել է, որ վերջին ամիսներին ՀՀ-ում դիտվում է սպասվածից բարձր տնտեսական ակտիվություն, որին շարունակում են նպաստել շինարարության և ծառայությունների ճյուղերի բարձր աճերը։ Դրան զուգահեռ տնտեսությունում շարունակում է ընդլայնվել ներքին պահանջարկը։
Արտաքին հատվածից թույլ գնանկումային ազդեցությունները և իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության պայմաններում պահպանվում է ցածր գնաճային միջավայր, ինչն արտահայտվում է նաև աշխատանքի շուկայում աշխատավարձերի աճի տեմպի դանդաղմամբ։
«Ստեղծված իրավիճակում կենտրոնական բանկի խորհուրդը նպատակահարմար է գտնում նվազեցնել քաղաքականության տոկոսադրույքը և հետևողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու պահանջարկի կարգավորում ու գնաճային սպասումների կայունացում։
Դրամավարկային նախանշված սցենարում 12-ամսյա գնաճն առաջիկայում կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում։ Այնուհետև աստիճանաբար կավելանա և միջնաժամկետում կկայունանա նպատակային 4 տոկոս ցուցանիշի շուրջ»,-մանրամասնել է Գալստյանը՝ ընդգծելով, որ ԿԲ խորհրդի գնահատմամբ՝ նախանշվածից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են։
«Ռիսկերի որևէ դրսևորման պարագայում խորհուրդը համարժեքորեն կարձագանքի և կապահովի գների կայունության նպատակը»,-հավաստիացրել է նա։
Ըստ ԿԲ խորհրդի նիստում ընդունված որոշման՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 11 %, իսկ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 8 %: