
Պաղեստինաիսրայելական վերջին հակամարտության ընթացքում պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը հասել է 8525-ի

Գազայում պաղեստինյան առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հոկտեմբերի 7-ից Իսրայելի ավիահարվածների հետևանքով 8525 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին տեղեկանում ենք Al Jazeera-ի հրապարակումից։
Նշվում է, որ զոհերից 3542-ը երեխաներ են։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացում է արել, որ Գազան «հանրային առողջապահական աղետի» եզրին է կանգնած, ինչը պայմանավորված է մարդկանց մեծ կուտակումներով, տեղահանություններով, ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների լուրջ վնասներով։
Երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՅՈՒՆԻՍԵՖ կազմակերպությունն իր հերթին մտահոգություն է հայտնել ջրազրկման հետևանքով երեխաների շրջանում մահվան դեպքերի առնչությամբ, քանի որ խմելու ջրի պաշարների ընդամենը 5 %-ն է մնում հասանելի։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հարձակման հետևանքով իսրայելական կողմում զոհերի թիվը 1400 է։ Իսրայելի բանակը հայտնել է նաև, որ հոկտեմբերի 7-ից ի վեր զոհված զինվորականների թիվը 315 է։ ՀԱՄԱՍ-ի կողմից գերի է պահվում Իսրայելից առևանգված 240 մարդ։
Իսրայելը Գազայում ցամաքային գործողության ժամանակ ազատել է գերեվարված կին զինվոր Օրի Մեգիդիշին։