Կարագանդայում հանքահորի վթարի զոհերի թիվը հասել է 46-ի
Փրկարարները գտել են Ղազախստանի Կարագանդայի մարզի հանքահորում վթարի հետևանքով վերջին զոհվածի մարմինը։ Այսպիսով, ողբերգության զոհերի ընդհանուր թիվը հասել է 46-ի: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) ղեկավար Սիրիմ Շարիպխանովին։
«Այսօրվա դրությամբ որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում գտնվել են 45 հանքափորների մարմիններ և, ենթադրաբար, 46-րդ զոհվածի մասունքները: 40 զոհվածի ինքնությունը պարզվել է, ճանաչված չեն 6-ը: Նրանց ինքնության որոշման համար կատարվում են անհրաժեշտ փորձաքննություններ», – ասել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր հանքահորում հրդեհի հետևանքով 45 զոհվածի մասին։
Նախարարի խոսքով՝ որոնողական աշխատանքները բարդացել են էլեկտրաէներգիայի բացակայության, հանքային փորանցքերի մեծ երկարության և բազմաթիվ քանդված մեխանիզմների առկայության պատճառով։ Ըստ որում, դժվար էր հեղեղված առանձին փորանցքեր մուտքը:
«Այս պահին այրման բաց օջախներ չկան, գազային իրավիճակը նորմալ է: Հանքահորի աշխատանքի վերականգնման համար աշխատանքներ են տարվում հանքային փորանցքերի ստուգման և առանձին հատվածներում ջրի պոմպահանման համար», – նշել է Շարիպխանովը:
«Արսելորմիտալ Տեմիրտաու» ընկերության Կոստենկոյի անվան հանքահորում հոկտեմբերի 28-ի առավոտյան պայթյուն էր տեղի ունեցել, այնուհետև հրդեհ բռնկվել։ Վթարի պահին գետնի տակ էր գտնվում 252 մարդ։