Միջազգային կառույցներ, Սերժի ժամանակ ինձ խեղդում էիք, ասում էիք՝ շուտ արեք, բարելավեք քրեական օրենսդրությունը, որ մարդիկ քիչ կալանավորվեն. էսօր համատարած կալանավորում են. ո՞ւր եք. Նաիրա Զոհրաբյան

Երևանի հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը:

Նախքան նիստի մեկնարկը՝ դատարանի բակում Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ միջազգային հարթակներում չկա որևէ կառույց, որը չընդունի, որ Աշոտյանը քաղաքական հալածանքների է ենթարկվում:

«Վերջերս եմ վերադարձել Ստրասբուրգից, որտեղ բազմաթիվ հանդիպումներ ունեցա տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ: Մասնավոր զրույցներում նրանք ասում են, որ ճիշտ կլինի՝ Արմեն Աշոտյանի գործն ավարտվի ու գա Եվրոպական դատարան, որովհետև այստեղ այս ամբողջ բլեֆն ու քաղաքական հետապնդումների փաթեթը փլվելու է: Բայց երբ հարցնում ես, թե ինչու եվրոպական կառույցները ձայն չեն հանում՝ իրենց պատասխանը մեկն է, ու նրանք դա ասում են բաց տեքստով՝ Նիկոլը մեր տղան է, ինչպես Զելենսկին, ինչպես Սահակաշվիլին էր, և մառոլ որոճող միջազգային կառույցները որևէ ծպտուն չեն հանելու, քանի դեռ Փաշինյանն իրենց պետք է՝ տարածաշրջանում իրենց գծած ճանապարհային քարտեզն ու միսիան ավարտելու համար»,- ասաց Զոհրաբյանը:

Նրա տպավորությամբ՝ Աշոտյանի դատական գործի շրջանակներում քաղաքական հրահանգ է տրված արագ ավարտելու դատական գործընթացն ու կարդալու մեղադրական դատավճիռը:

«Սա ծայրից ծայր քաղաքական ֆարս է: Ավելին, հիմա կալանավորված են նաև արցախցիներ: Այսինքն, Նիկոլ Փաշինյանն Արևմուտքից ստացել է քարտ-բլանշ՝ բոլոր նրանց, ովքեր կփորձեն ընդդիմանալ ու ծպտուն հանել՝ նրանց ձայնն այս կամ այն կերպ կտրելու, կա՛մ կալանավորել, կա՛մ վախեցնել ու ահաբեկել»,- ասաց ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Նա անդրադարձավ նաև կալանավորված Տաթև Վիրաբյանի առողջական լուրջ խնդիրներին՝ շեշտելով, որ նրա դեպքում հաշվի չի առնվել անգամ այն հանգամանքը, որ նա երկու անչափահաս երեխա ունի:

«Նույն Վենետիկի հանձնաժողովը, որի փորձագետներին ես հանդիպել եմ ու ասել՝ բա դուք, էն ձեր ասած՝ «Սերժի վախտ» իմ վրա, որպես հանձնաժողովի նախագահ, ամեն օր պրեսինգ էիք գործադրում, որպես Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ՝ վզիցս բռնած խեղդում էիք, ասում էիք՝ հնարավորինս արագ բարելավեք ձեր քրեական օրենսդրությունը, որպեսզի կալանքը՝ որպես խափանման միջոց, ընտրվի բացառիկ դեպքերում: Այսօր, կալանքը որպես խափանման միջոցը սեմըչկայի նման չրթելով ընդունում են»,- ասաց ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին նախագահը՝ դատավորներին կոչ անելով դադարեցնել ոտնահարել Քրեական օրենսգիրքն ու իրավական էթիկան՝ հավելելով, որ Ժնևյան բոլոր կենվենցիաների համաձայն՝ դա համարվում է «խոշտանգում»:

Արձագանքելով Հայաստանը ժողովրդավարության փարոս համարող Ամերիկայի դեսպանին՝ Նաիրա Զոհրաբյանը նրան առաջարկեց իր ընտանիքով տեղափոխվել ու ապրել այդ «ժողովրդավարության փարոս»-ում:

Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվեց հունիսի 16-ին: Սեպտեմբերի 28-ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը մերժեց վերաքննիչ բողոքներն ու նրան թողեց կալանքի տակ:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս