
Լռության արդյունքը

Մի մարդ գնաց անապատական ճգնավորի մոտ և հարցրեց.
– Լռության մեջ անցկացվող կյանքը քեզ ի՞նչ է սովորեցնում:
Ջրհորից ջուր հանող մենակյացն իր հյուրին պատասխանեց.
– Այս ջրհորի հատակին նայիր: Ի՞նչ ես տեսնում:
Տղամարդը նայեց ջրհորի մեջ ու ասաց.
– Ոչինչ էլ չեմ տեսնում:
Ճգնավորը որոշ ժամանակ անշարժ կանգնած մնաց, այնուհետև կրկին իր հյուրին դիմեց.
– Իսկ ա՞յժմ: Այժմ ի՞նչ ես տեսնում:
Տղամարդը նայեց և ասաց.
– Այժմ ինձ եմ տեսնում, իմ արտացոլանքը ջրում:
Ճգնավորը բացատրեց.
– Երբ ես դույլն իջեցրի, ջրի վրա ալիքներ հայտնվեցին: Իսկ այժմ ջուրը հանդարտ է: Լռության արդյունքն էլ այդպիսին է՝ մարդը գտնում է ինքն իրեն:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի