Հունգարիայի ԱԳ նախարարը հույս է հայտնում, որ Արևելյան գործընկերության ծրագիրը կամրացնի Հայաստան-ԵՄ կապերը

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հույս է հայտնում, որ Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագիրը կարագացնի Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը և կամրացնի կապերը:

Սիյարտոն այս մասին ասաց Երևանում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հունգարիան աջակցո՞ւմ է Հայաստանի ներգրավմանը «Սևծովյան էլեկտրաէներգիայի մալուխ» նախագծին՝ կարևորելով նաև ՀՀ-ԵՄ գործընկերությունը:

Ինչ վերաբերում է Եվրամիության և Հայաստանի համագործակցությանը՝ Հունգարիայի ԱԳ նախարարն ասաց, որ իրենց հետաքրքրում է ԵՄ–ի ընդլայնումը: «Արտաքին հարաբերությունների զարգացումը մեր կողմից սատարվել է։ Հիմա երբ ԵՄ-ի մրցունակությունը նվազում է, մենք համարում ենք, որ արտաքին գործընկերային հարաբերությունները նման իրավիճակում ավելի նշանակալի են դառնում։ ԵՄ-ն որքան ավելի շատ երկրների կարողանա սատարել, այնքան ավելի շատ շանսեր կունենանք կանգնեցնելու ԵՄ-ի մրցունակության ողբերգական անկումը»,-ասաց Սիյարտոն:

Ըստ նրա՝ դրա համար իրենք միշտ սատարել են ԵՄ-ի Արևելյան գործընկերության քաղաքականությունը, որով հետաքրքրված են նաև Հայաստանը, Ադրբեջանը: «Մենք ուզում ենք, որպեսզի ԵՄ-ն հնարավորինս շատ ֆինանսական ներդրումներ անի այդ ծրագրում: Եվ հույս ունենք, որ Արևելյան գործընկերության ծրագիրը հետայսու կարագացնի ձեր համագործակցությունը և կամրացնի ձեր կապերը ԵՄ-ի հետ»,-ասաց նա:

Հայաստանի վարչապետի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հոկտեմբերի 5-ի համատեղ հայտարարությունում նշվել է, որ հանձնաժողովը կաջակցի Հայաստանի մասնակցությանը տարածաշրջանային նախագծերում, ինչպիսին է «Սևծովյան էլեկտրաէներգիայի մալուխը»:

Տեսանյութեր

Լրահոս