Եթե կան երկրներ, որոնք այլ կերպ են պատկերացնում ճանապարհների բացումը՝ տեղի չի ունենալու. Միրզոյան

Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը, վերագործարկումը խրախուսելու համար ՀՀ կառավարությունը համապատասխան ծրագիր է մշակել և զբաղվում դրա առաջմղմամբ։ Խոսքը այսպես կոչված խաղաղության խաչմերուկի մասին է։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք համոզված ենք, որ Հայաստանի տարածքով անցնող ռեգիոնալ կամ մեծ տարածաշրջանային կամ մեծ միջազգային կոմունիկացիոն, լոգիստիկ ենթառակուցվածքները կնպաստեն տարածաշրջանում խաղաղության կառուցմանը։ Դրա առաջին շահառուն և առաջ մղողը Հայաստանի Հանրապետությունն է»,– հայտարարեց Միրզոյանը։

Պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե ինչ է քննարկվել «3+3» ձևաչափով հանդիպման ընթացքում, մասնավորապես` ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ, Միրզոյանը նշեց` ըստ էության, ասվել է այն, ինչ միշտ է ասվում։

«Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված է տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, բնականաբար, ՀՀ տարածքով անցնող ենթակառուցվածքների դեպքում Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության ներքո` փոխադարձության և հավասարության սկզբունքներով»,- նշեց Միրզոյանը։

Նա հավելեց` եթե կան երկրներ, որոնք այլ կերպ են պատկերացնում ենթակառուցվածքների ապաշրջափակումը, սա չի կարող տեղի ունենալ։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հիշեցրեց` նման դրսևորումներ էլ ենք տեսել։ Շեշտեց` ամեն ինչ պետք է արվի միջազգային իրավունքին համապատասխան, տվյալ դեպքում` մեր ինքնիշխանության և իրավազորության հարգմամբ։

Ինչ վերաբերում է «3+3» ձևաչափով կայացած հանդիպմանը, ըստ Միրզոյանի` սա հարմար հարթակ է տարածաշրջանի պետությունների հետ հաղորդակցվելու, ընդհանուր հետաքրքրության թեմաներ քննարկելու համար։

Տեսանյութեր

Լրահոս