
Անելու ենք մեր ուժերի ներածին չափով ամեն ինչ` Չեմպիոնների լիգայի առաջիկա խաղում հաղթելու համար. Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի կարծիքով՝ «Ինտեր»-ն առանձնակի կարևորությամբ է մոտենում Չեմպիոնների լիգայի յուրաքանչյուր խաղի:
«Ամեն ինչ նույնն է, մեզ համար կարևոր է Չեմպիոնների լիգայի յուրաքանչյուր հանդիպում: Թեպետ այդքան էլ հաջող հանդես չեկանք «Ռեալ Սոսիեդադ»-ի դեմ խմբային փուլում, բայց լավ խաղ ստացվեց «Բենֆիկա»-ի դեմ: Ցանկություն ունենք նույն կերպ շարունակել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Մխիթարյանը:
Հայ կիսապաշտպանի խոսքով` թիմի համար այժմ առաջնայինը ոչ թե մրցաշարային աղյուսակին նայելն է, այլ երկար ճանապարհն անցնելը:
«Անելու ենք մեր ուժերի ներածին չափով ամեն ինչ` Չեմպիոնների լիգայի առաջիկա խաղում հաղթելու համար»,-ասել է Մխիթարյանը:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ կընդունի «Զալցբուրգ»-ին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:45-ին: