ԱՄՆ–ն Ուկրաինայի փոխարեն հրետանային արկեր կփոխանցի Իսրայելին. The New York Times
ԱՄՆ ՊՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ Ուկրաինային խոստացած (և որի պակասից բողոքում էր Ուկրաինայի ԶՈւ–ն) տասնյակ հազարավոր 155–մմ հրետանային արկերը կփոխանցվեն Իսրայելին։ Գրում է The New York Times–ը` հղում անելով Պենտագոնում իր աղբյուրներին։
Նախագահ Ջո Բայդենը փորձել է հասկացնել, որ ԱՄՆ–ն մի հակամարտությունը մյուսից առաջնահերթ չի համարում, բայց բոլորի համար պահանջարկը բավարարել դժվար կլինի, գրում է հոդվածի հեղինակը։
Axios պարբերականն իր հերթին գրում է, որ Իսրայելը ԱՄՆ–ին է հայտնել Գազայի հատվածում ցամաքային ներխուժման պատրաստվելու և իսրայելա–լիբանանյան սահմանի ողջ երկայնքով պատերազմի պոտենցիալ սրացման համար հրետանային արկերի սուր անհրաժեշտություն ունենալու մասին։
Պարբերականի ամերիկյան զրուցակիցները ենթադրում են, որ Ուկրաինայի համար նախատեսված հրետանային արկերի ուղղումը Իսրայել անմիջական ազդեցություն չի ունենա պատերազմ վարելու ուկրաինական ուժերի կարողության վրա։
Ավելի վաղ իր ուղերձում Բայդենը հայտարարել էր, որ Կոնգրես հրատապ հայտ կուղարկի Իսրայելի և Ուկրաինայի ֆինանսավորման վերաբերյալ։ ԱՄՆ նախագահը դա «խելամիտ ներդրում է» անվանել, որը ապագայում նոր սերունդներին դիվիդենտներ կբերի։
Խոսքը, որոշ տվյալներով, 100 մլրդ դոլարի մասին է, որից 60-ը կուղղվի Կիևին, 10-ից ավելին` Իսրայելին, մնացածը` Թայվանի ռազմական աջակցությանն ու Մեքսիկայի հետ ԱՄՆ–ի սահմանների ամրապնդմանը։
2022 թվականի փետրվարից Վաշինգտոնը Կիևին 43 մլրդ դոլարի ֆինանսական օգնություն է ուղարկել, այս տարի` 10.9 մլրդ դոլար։