ԱՍՀ նախարար Մկրտչյանը հանդիպել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի անդամի և ԱՄԷ-ի ընտանեկան գործերի սեկտորի գործադիր տնօրենի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Խնամատարության ինստիտուտի զարգացման տարածաշրջանային համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի անդամ Էդվարդ Թիմփսոնի և ԱՄԷ-ի ընտանեկան գործերի սեկտորի գործադիր տնօրեն Ն. Գ. Ասմա ԱլԱզրիի հետ։

Ինչպես տեղեկանում ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպումների ընթացքում քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման ուղղությունները, մասնավորապես՝ ընդգծվել խնամատարության ինստիտուտի զարգացմանն ու ընտանիքների հզորացմանն ուղղված համատեղ աշխատանքների իրականացման կարևորությունը։ Արաբական Միացյալ Էմիրությունների գործընկերոջ հետ քննարկվել է նաև ոլորտային հուշագիր կնքելու հնարավորությունը։

Նախարար Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ խնամատարությանն առնչվող մոդելների ու նորարարությունների ներդրման գործընթացում կարևոր դերակատարություն ունենալու համար։ Նախարարը նշել է, որ խնամատարության ինստիտուտի կայացումը շարունակում է լինել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջնահերթություններից և հույս հայտնել, որ իրականացվող բարեփոխումները կբարելավեն ծնողական խնամքի կարիք ունեցող երեխաների կյանքը:

Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակել համատեղ աշխատանքներ իրականացնել և անհրաժեշտ ջանքեր ներդնել խնամատարության ինստիտուտի զարգացման գործընթացում։

Տեսանյութեր

Լրահոս