Արման Թաթոյանը բացահայտում է Ադրբեջանի նոր նախագիծը ՀՀ տարածքի դեմ. բացառիկ փաստեր Արցախում Ադրբեջանի ագրեսիայի, էթնիկ զտումների մասին՝ ՈւՂԻՂ
Այսօր սեպտեմբերի 19-20-ի ադրբեջանական զինված հարձակումների, զինված առաջխաղացումների ուղղությունների և բնակավայրերը թիրախավորելու, դրանք իրարից դիտավորությամբ մեկուսացնելու, ադրբեջանական մեխանիզմի վերաբերյալ բացառիկ փաստեր հրավիրված ասուլիսի ժամանակ ներկայացրեց Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը: Այս փաստերը սեպտեմբերի 19-ից սկսած՝ հավաքագրել է հիմնադրամը։ Փաստերով հիմնավորվեց արցախահայերի բռնի տեղահանումը: Ներկայացվեցին ապացույցներ, որոնք հաստատում են ադրբեջանական էթնիկ զտումները՝ շարունակվող ցեղասպան քաղաքականության պայմաններում: Ասուլիսի ընթացքում անդրադարձ եղավ նաև հայկական էթնիկ ինքնության դեմ Ադրբեջանի իշխանության կեղծ հայեցակարգերին, որոնք ներկայումս առավել ակտիվացվել են:
Արման Թաթոյանը նախ ասաց, որ Արցախի դեմ հարձակումը սկսվել է 4 հիմնական ուղղություններով՝ Մարտակերտ, Ասկերան, Մարտունի, Ստեփանակերտ, ապա մանրամասներ հայտնեց՝ ըստ առանձին ուղղությունների:
«Մարտակերտի շրջանի ուղղությամբ հարձակումը եղել է 3 հիմնական ուղղություններով: 1-ին ուղղությունը՝ Չարեքթար-Գետավան-Դրմբոնի հանք: 2-րդ ուղղությունը՝ Նարեշտար-Վանք-Առաջաձոր-Խաչենի մոստ: 3․1. Ուղղությունը՝ դեպի Վարդաձոր, Կաշենի հանք, որի արդյունքում փակել են նաև այդ կողմից: 3.2. ուղղությունը՝ դեպի Մարտակերտ քաղաք: Արդյունքում Մարտակերտի շրջանը բլոկադայի մեջ է հայտնվել, ադրբեջանցիները շրջանը բաժանել են 3 մասի իրենց գործողություններով և վերցրել բլոկադայի մեջ և շրջանից դուրս գալու երկու ճանապարհների՝ Դրմբոնի և Խաչենի մոտ անցակետեր դրել»,- ասաց Արման Թաթոյանը:
«Թաթոյան» հիմնադրամի տնօրենի խոսքով՝ այս գործողությունների արդյունքում թշնամին թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները և բնակավայրերը՝ իր վերահսկողության տակ է վերցրել Թարթառ գետի վրա կառուցված Սարսանգի ջրամբարի վրա գտնվող 3 փոքր Ջրէկ և 1 մեծ Ջրէկ, ինչպես նաև Հաթերքի ուղղությամբ Թրղե գետի վրա կառուցված ևս 2 Ջրէկ` Թրղե 1 և Թրղե 2 անվանումներով։
«Մարտակերտի շրջանում բնակվել է 14-15.000 բնակչություն, Մարտակերտ քաղաքում 4000 բնակիչ է եղել, Վանք գյուղում 1400-1500 բնակիչ է եղել՝ շուրջ 400 տնտեսությամբ: Մարտակերտի շրջանի բնակչության դուրս գալու միակ հնարավորությունը Խաչենի մոստն էր, որտեղ ադրբեջանցիները արդեն նախապես փակել էին և տեղադրել ստուգման կետ»,- ասաց նա:
Արման Թաթոյանը նշեց՝ Մարտակերտում եղել են քաղաքացիական անձանց սպանություններ, տվեց կոնկրետ անուններ:
Մինչև վերջին պատերազմն ամենամոտ ադրբեջանական դիրքերից հեռավորությունը դեպի Վանք գյուղի հայկական դիրքեր 400մ էր։
Ըստ նրա՝ առաջին կարևոր հանգամանքն այն է, որ բոլոր ուղղություններով հարձակումը սկսել են միաժամանակ.
«Ռմբակոծում էին ռազմական, պետական անվտանգային համակարգերը և ենթակառուցվածքները (էլեկտրականության, ջրի մատակարարման, կապի քաղաքացիական համակարգեր): Ասկերանում հարձակումը սկսել են Հարավ գյուղի ստորոտների վրա, թշնամին Հարավ գյուղի դիմացի սարին դիրք է ունեցել և խորացել է դեպի Արցախ: Ասկերանի շրջանի տեղահանված բնակչությունը հիմնականում շարժվել է դեպի Իվանյան օդանավակայան (մոտ 35-40.000 մարդ): Խրամորթ, Հովսեփավան, Ասկերան, Լուսաձոր, Նորագյուղ, ապա գնացել են Իվանյան: Այգեստան, Աստղաշեն, Դահրավ, Բերքաձոր, Սառնաղբյուր գյուղերի բնակիչների մի մասը գնացել է Ստեփանակերտ, մի մասը՝ Իվանյան: Հետագայում Ասկերանի ամբողջ շրջանը տեղահանվել է Իվանյան օդանավակայան»,- ասաց Արման Թաթոյանը:
Արդյունքում, ըստ բանախոսի, 90 գյուղերից բռնի տարհանվել է 105.000 մարդ։
«Միաժամանակ հարձակումների արդյունքում զրկել էին կապի բոլոր հնարավորություններից՝ կառավարման համակարգը խափանելով, ոչնչացրել էին տնտեսական անվտանգության ապահովման համակարգը և հնարավորությունը, Սարսանգի ջրամբարի վրա գտնվող Ջրէկ-ները ադրբեջանցիների կողմից վերցնելու արդյունքում Ստեփանակերտի էներգամատակարարումը դադարեցվել էր, Ղայլալուղում թշնամու հայտնվելուց հետո Ստեփանակերտը զրկվել էր նաև խմելու ջրի մատակարարումից, մինչդեռ Ստեփանակերտի ջրի մատակարարումը իրականացվել է 2 տեղերից՝ Պատարայից և Ղայլալուից։ Պատարայի ջրավազանը կառուցվել էր 2020 թ. պատերազմից հետո։ Հավաքվող ջուրը բնական, սարերից, աղբյուրներից եկող ջուրն էր, որը ֆիլտրվում էր և մատակարարվում Ստեփանակերտ։
Էներգամատակարարման համակարգերը գրավելուց և հոսանքի մատակարարման հնարավորության բացակայության պայմաններում խմելու ջրի մատակարարումը դադարեցվել էր, քանի որ լույս չկար, որ ֆիլտրն աշխատեր, և սպասարկում իրականացնող անձնակազմն էլ չէր կարող գնալ ու մաքրել կամ վերականգնել խափանված աշխատանքը, քանի որ ադրբեջանական զինված ուժերն արդեն այնտեղ էին»,- նշեց իրավապաշտպանը:
Պատասխանելով «Արևմտյան Ադրբեջան» կեղծ հայեցակարգի մասին հարցին՝ Արման Թաթոյանը նկատեց՝ եթե դեռևս մի քանի տարի առաջ Ալիևը խոսում էր Սյունիքի, Գեղարքունիքի ու Երևանի մասին, հիմա խոսում է ՀՀ ողջ տարածքի մասին:
«Խոսում են մոտ 300 000 ադրբեջանցու մասին և ասում են, որ նրանց անվտանգությունն ապահովելու համար պետք է Հայաստանում միջազգային խաղաղապահ առաքելություն լինի, և դա պիտի լինի այնպիսի երկիր, որը վայելելու է այդ մարդկանց վստահությունը: Բոլորս հասկանում ենք՝ որ երկրի մասին է խոսքը»,- ասաց Արման Թաթոյանը:
Ինչ վերաբերում է Հայաստանի սահմանների շուրջ անվտանգային գոտի ստեղծելու՝ իր առաջարկած հայեցակարգին, Արման Թաթոյանը նշեց՝ ինքը շարունակում է պնդել դրա կարևորության մասին:
«Սկզբունքորեն անընդունելի է մեր զորքերի հայելային հետքաշման ցանկացած փորձ: Պնդում եմ, որ անվտանգության գոտին Հայաստանի սահմանների շուրջ պետք է ստեղծվի»,- ասաց «Թաթոյան» հիմնադրամի տնօրենը:
Մանրամասները՝ տեսանյութում: