Բաժիններ՝

Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը նախազգուշացրել է, որ պաղեստինաիսրայելական հակամարտությունը կարող է ընդլայնվել

Այլ երկրների կողմից Իսրայելին աջակցությունը կարող է հանգեցնել այն բանին, որ պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ արմատական շարժման դեմ հակամարտությանը միանան նոր մասնակիցներ: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ նախազգուշացմամբ հանդես է եկել Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսազրույցի ընթացքում։

«Սիոնիստական վարչակարգի (խմբ․՝ Իսրայելի) հանցագործությունների շարունակումը, այլ պետությունների կողմից նրան անմիջական աջակցությունն ու օգնությունը բարդացնում են իրավիճակը և կարող են հանգեցնել ասպարեզ նոր խաղացողների դուրս գալուն», – հայտարարել է Բաղերին։

«Մենք չափազանց անհանգստացած ենք Գազայում քաղաքացիական բնակչության դեմ լայնածավալ և դաժան հարձակումների շարունակմամբ: Նման բարբարոսական գործելակերպն անթույլատրելի է, և մյուս երկրների կառավարությունները պետք է դրան արձագանքեն համապատասխան կերպ», – հավելել է Բաղերին:

Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման կողմից Իսրայելի վրա իրականացված հարձակումներից հետո Իսրայելը պատերազմ է հայտարարել և սկսել է գնդակոծել Գազայում տարբեր թիրախների։ Հարվածներ են հասցվում նաև Լիբանանում «Հեզբոլլահ» արմատական կազմակերպության թիրախներին։

Հակամարտության սրացումից ի վեր, ըստ Պաղեստինի առողջապահության նախարարության, Գազայի հատվածում շուրջ 3500 մարդ է զոհվել, Հորդանան գետի արևմտյան ափին՝ 62։ Վիրավորների թիվը շուրջ 13 000 է։

Իսրայելական կողմում կա 1400 զոհ, ավելի քան 4500 վիրավոր։ Առնվազն 199 մարդ պատանդ է վերցվել ՀԱՄԱՍ-ի կողմից՝ Իսրայելում բանտարկված պաղեստինցիների հետ փոխանակման նպատակով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս