«Ընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղու երկայնքով երկաթուղային հաղորդակցության վերականգնման վերաբերյալ». Զախարովա

Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմնական տարրն է։ Այս մասին Trend-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առանցքային տարրն է, որը մշակվել է 2020-2022 թվականներին՝ ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա։

Այս հարցը վստահվել է եռակողմ աշխատանքային խմբին, որը համանախագահում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերը։ Մինչ օրս կայացել է եռակողմ աշխատանքային խմբի 12 հանդիպում (վերջինը՝ հունիսի 2-ին), մանրամասն ուսումնասիրվել է հեռանկարային երկաթուղային և ճանապարհային երթուղիների փաթեթը»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով, այսպես կոչված, «Զանգեզուզի միջանցքի» նախագծի առավելությունների մասին հարցին։

Նա նշել է, որ եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ հանդիպման արդյունքներով առաջընթաց է արձանագրվել Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եղանակների համաձայնեցման հարցում։

«Ընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղու երկայնքով երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման կոնկրետ քայլերի իրականացման վերաբերյալ: Մեր աշխատանքում մենք ելնում ենք փոխադարձության, երկու երկրների ինքնիշխանությունն ու իրավասությունը հարգելու սկզբունքների պահպանման անհրաժեշտությունից»,- հավելել է Մարիա Զախարովան։

Նա նաև ընդգծել է, որ հաղորդակցությունների ապաշրջափակման ճանապարհին հաջողությունը լրացուցիչ խթան կհաղորդի եռակողմ աշխատանքի այլ ոլորտներին։ Դա վերաբերում է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի մշակմանը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը, ակտիվիստների և խորհրդարանականների միջև երկխոսության մեկնարկին։

Տեսանյութեր

Լրահոս